Հայաստանի փոքր ՀԷԿ-երի 80% աշխատում է հնացած սարքավորումներով: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության հետ զրույցում հայտարարել է «ԷկոԼուր» կազմակերպության ղեկավար Ինգա Զարաֆյանը, հղում կատարելով փոքր ՀԷԿ-երի հատվածի աջակցման ծրագրերի տվյալներին:
Ծրագրի շրջանակներում դիտարկումներ են կատարվել 90 փոքր ՀԷԿ-երում: «80%-ի մոտ սարքավորումները չեն պատասխանում տեխնիկական ստանդարտներին: Խոսքը գնում է հնացած կամ մաշված սարքավորումների մասին: Օրինակ, արձանագրվել են դեպքեր, երբ փոքր ՀԷԿ-երի շինարարության ժամանակ օգտագործվել են ջրի հին խողովակներ»,-պատմել է Զարաֆյանը:
Ինչպես նշվել է, արդյունքում փոքր ՀԷԿ-երն աշխատում են մեծ կորուստներով: «Նախատեսված գրաֆիկով էներգիա արտադրելու համար հիդրոէլեկտրակայաններն ստիպված են գետերից վերցնել ավելի շատ ջուր: Իսկ դա կործանարար է հատկապես գետերի էկոհամակարգերի համար, հաշվի առնելով, որ գործնականում ոչ մի ՀԷԿ-ում տեղադրված չեն ջրաչափեր»,-նշել է փորձագետը:
Սակայն, Զարաֆյանը խոստովանել է նաև, որ էներգետիկայի նախարարությւոնը մտահոգված է փոքր ՀԷԿ-երի սարքավորումների վիճակով: «Որոշակի ստանդարտներ մշակվել են, բայց համապատասխան որոշման ընդունումը ձգձգվել է, կապված ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցման հետ, քանի որ ԵԱՏՄ երկրների համար տեխնիկական ստանդարտները միատեսակ են»,-ասել է նա:
ՀՀ բնապահպանության նախարարության և հանրության միջև երկխոսության միջոցով Փոքր ՀԷ Կ-երի աջակցման ծրագիրը մեկնարկել է 2014 թվականի վերջին, որի շրջանակներում մոտ 100 փոքր ՀԷԿ-երին կտրամադրվեն կանաչ անձնագրեր, որոնցում ներգրավված կլինեն հիդրոլոգիական, բնապահպանական և տեխնիկական ցուցանիշները: Բացի այդ, կմշակվեն և խորհրդարանին ու կառավարությանը կներկայացվեն փոքր ՀԷԿ-երի ոլորտի առաջարկները:
Փոքր ՀԷԿ-երի ծրագիրն իրականացվում է «ԷկոԼուր» կազմակերպության կողմից, Գլոբալ բնապահպանական հիմնադրամի և UNDR-ի փոքր դրամաշնորհների ծրագրի միջոցով: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 60 հազար դոլար, որտեղ դրամաշնորհները կազմում են մոտ 37 հազար դոլար: Ծրագիրը նախատեսված է 16 ամիսների համար: