ԱՄՆ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան
դադարեցրել է Հայաստանի ֆինանսավորումը` երկրում առկա կոռուպցիոն սխեմաների
առնչությամբ: Հունիսի 11-ին Ազգային ժողովում այդ մասին հայտարարել է ԲՀԿ
խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` վկայակոչելով իր հավաստի աղբյուրները:
Նրա
ասելով, հենց այդ սխեմաների շրջանակում է 16,6 մլն դոլար օգտագործվել ոչ ըստ
նշանկաության: Պարզվում է, որ այդ միջոցներով հայ ֆերմերներին սովորեցրել են
կարտոֆիլի ճիշտ աճեցում և կովերի կթում:
Խոսելով 2013 թվականի Հայաստանի բյուջեի մասին, որի կատարման վերաբերյալ հաշվետվություն
է ներկայացրել երկրի կառավարությունը, Զոհրաբյանն ընդգծել է, որ փաստաթղթին
ծանոթացումը մտքեր է հուշում միանգամայն այլ իրողությունների վերաբերյալ: Ըստ
կառավարության` ամեն ինչ լավ է ընթանում, բոլոր ցուցանիշները կատարվում են, իսկ
ժողովուրդն այդ ողջ ընթացքում ավելի է աղքատացել: «Եթե բոլորն այդքան սուրբ են,
ապա ո՞վ է գողացել եկեղեցու գմբեթի խաչը», - Զոհրաբյանը հիշեցրել է հին անեկդոտը:
Կառավարությունն իր համար ստեղծել է վիրտուալ աշխարհ, որից դուրս գալ չի
ցանկանում: Բոլոր ներկայացված թվերը չի կարելի անվանել այլ կերպ` քան շաղակրատանք,
կարծում է նա: «Եթե ամեն ինչ այդքան լավ է, ապա ինչու ՀՆԱ աճի ցուցանիշները չեն
ապահովվել, ինչու է Հայաստանը հայտնվել ռիսկի ամենաբարձր մակարդակ ունեցող
երկրների ցուցակում` ներդրումների գրավչության տեսանյկյունից», - ընդգծել է
պատգամավորը` նշելով գործազրկության և արտագաղթի աճը: «Գնացեք սահմաններ, տեսեք,
թե այնտեղ ինչ է կատարվում: Ինչու՞ հայը պետք է
սեփական ազգանունը փոխարինի ադրբեջանականով` Հայաստանից հեռանալու համար»,
- հայտարարել է Զոհրաբյանը: