Իշխող Հանրապետականի (ՀՀԿ) փոխնախագահը տրանսպորտի ուղեվարձի բարձրացումը կապում է աշխարհաքաղաքական զարգացումների հետ։ Ռազմիկ Զոհրաբյանն այսօր ՙԱզատություն՚ ռադիոկայանին տված հարցազրույցում հետևյալ հարցադրումն արեց, թե ինչո՞ւ ուղեվարձի թանկացման դեմ ակտիվ բողոքող երիտասարդները չեն հասկանում, որ այն, ինչ այսօր կատարվում է, իրականում ՙսարքվում է Հայաստանի գլխին՚։
ՙՉէի ցանկանա, որ պրոցեսը հանգեցներ սոցիալական բունտի, որովհետև մենք ավելի լուրջ խնդիրներ ունենք, քան թե 50 դրամի համար սոցիալական բունտ անելը և երկրի իրավիճակը ապակայունացնել։ Պլակատներով այդ երիտասարդները ինչո՞ւ չեն մտածում, որ սա ժողովրդական բառով ասեմ, Հայաստանի գլխին սարքվում է՚,- հայտարարել է Զոհրաբյանը՝ մանրամասնելով. -ՙԱվտոբուսների պահեստային մասերը չենք արտադրում, դրանք գնում ենք, այսինքն ամեն ինչ գալիս է դրսից, սկսած ՙԳազել՚-ներից, ավտոբուսներից։ Դրանց թանկացումները բերում են նաև տրանսպորտի թանկացման.։
Հարցին, թե ո՞վ է ՙսարքում Հայաստանի գլխին՚, ՀՀԿ-ի փոխնախագահը պատասխանել է. -ՙԳլխին սարքելը այն է, որ Հայաստանը ուժեղ պետություն չէ, գերտերություն չէ, և գերտերությունները մի մատի շարժումով կարող են այստեղ ներքին բաներ ստեղծել։ Խոսքը միայն Ռուսաստանի մասին չէ, որովհետև էստեղ գնում է քաղաքակրթությունների մրցակցություն՝ Հայաստանը գնա դեպի եվրաինտեգրում, թե՝ գնա Ռուսաստանի Մաքսային միություն։ Այսպես ասած՝ վերևերների, գիգանտների կռիվը ներքևում ինչ-որ արձագանք է ստանում։ Փառք Աստծո, եթե մենք պրծնենք միայն տրանսպորտի թանկացումներով՚։
Նշենք, որ հուլիսի 20-ին Երևանի քաղաքապետարանը որոշել է հասարակական տրանսպորտի ուղեվարձը թանկացնել 100 դրամից մինչև 150 դրամ: Սակայն, արդեն այսօր հասարակական ճնշման ներքո քաղաքապետարանը որոշել է զիջել: Երևանի քաղաքապետարանում այս առնչությամբ խորհրդակցություն է սկսվել: ԱրմԻնֆո-ի աղբյուրների համաձայն, քաղաքապետը որոշել է վերանայել սակագները և նվազեցնել այն 150 դրամից մինչև 120 դրամ: