ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է նախագահի հետ, սակայն որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել, ապրիլի 23-ին մամլո ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությունից ԱԺ պատգամավոր, կուսակցության մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը:
Նրա խոսքով, հանդիպման ընթացքում պետության ղեկավարն ընդամենը տեղեկացրել է Ծառուկյանին վարչապետ Տիգրան Սարգսյանին վերանշանակելու իր որոշման մասին:
Խոսելով կառավարող կոալիցիային ՙԲարգավաճ Հայաստանի՚ անդամակցության հավանականության վերաբերյալ հարցին`Ուրիխանյանը հայտարարել է, որ կառավարությունում մի քանի պաշտոնների համար պայքարել կուսակցությունը չի պատրաստվում: ՙՄեզ պետք չեն պաշտոններ, եթե դրանից երկրի վիճակը և մեր հայրենակիցների կենսամակարդակը չպետք է փոխվի՚,- ասել է պատգամավորը:
Խոսելով Երևանի Ավագանու խորհրդի առաջիկա ընտրությունների և ընտրություններից հետո քաղաքական մյուս ուժերի հետ համագործակցելու ԲՀԿ պատրաստակամության մասին`Ուրիխանյանը չի բացառել նման հնարավորությունը`այդ ուժերի հետ շահերի համընկնման առկայության դեպքում: Ըստ որում, նա ավեկացրել է, որ դա իր անձնական դիրքորոշումն է: ՙԱյս առնչությամբ քննարկումներ կուսակցությունում չեն անցկացվել: Երբ որոշում ընդունվի, մենք կտեղեկացնենք այդ մասին հասարակայնությանը՚,- նշել է Ուրիխանյանը: