Հայաստանի իշխանությունները չեն կարողացել լուծել արտաքին քաղաքական խնդիրները, ՙեռյակի՚ հանրահավաքում հայտարարել է ՙԺառանգության՚ փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
ՙՆրանք անտեսել են մնացած քաղաքական ուժերի` աջակցության վերաբերյալ առաջարկները: Մենք միավորվել ենք իշխանափոխության, երկիրը սոցիալ-տնտեսական ճգնաժամից դուրս բերելու գաղափարի շուրջ: Կոչ ենք անում բոլոր հասարակական և քաղաքական ուժերին, որոնք դեմ են իշխանությունների գործողություններին, միանալ մեզ՚,- ասել է նա:
ՀԱԿ-ից պատգամավոր Արամ Մանուկյանն իր հերթին, ներկայացրել է որոշ թվեր, որոնց պատճառով իշխանությունները պետք է հեռանան: Միգրացիայի միջազգային կազմակերպության համաձայն, Հայաստանից միգրանտների թիվը 2014 թ. կազմել է 770 հազար: ՙԱյստեղ չեն մտնում ապօրինի միգրանտները: Ավելին, 400 հազար մարդ այս տարի քաղաքացիություն է ստացել այլ երկրներում: Կտրուկ կրճատվել են ամուսնությունները, ավելացել`ապահարզանները: 24 տարվա ընթացքում բնական աճը կազմել է ընդամենը 1.1 մլն մարդ: Մինչդեռ հարևան Թուրքիայում և Իրանում միայն անցած տարի ավելի քան միլիոն մարդ է ծնվել: Հայաստանը ծերանում է, մահանում`իշխանությունների հիմար քաղաքականության պատճառով՚,- ասել է Մանուկյանը:
Նրա խոսքով, տեղի է ունեցել ներդրումների կտրուկ անկում. մեկ տարում այն կազմել է 62%. ՙՈչ ոք չի ցանկանում կերակրել Սաշիկ Սարգսյանին: Այսպես չի կարելի շարունակել: Հարկավոր է անհապաղ իշխանափոխություն՚,- ասել է Արամ Մանուկյանը: