Հայաստանին չի կարող չմտահոգել սպառազինության վաճառքն Ադրբեջանին, հատկապես` հաշվի առնելով սպառազինությունների մրցավազք վարելու չդադարող փորձերը: Հունիսի 26-ին այդ մասին լրագրողներին հայտարարել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
ՙՍակայն մենք բազմիցս ասել ենք, որ, շեշտարդում կատարելով որակի վրա, Ադրբեջանին թույլ չենք տա կուրորեն մեզ ներքաշել սպառազինությունների մրցավազքի մեջ: Ռազմատեխնիկական համագործակցությունը մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ բավականին բարձր մակարդակում է, ինչը մեզ թույլ է տալիս ուժերի հաշվեկշիռ պահպանել ոչ միայն քանակական, այլև որակական գերազանցության շնորհիվ: Հենց Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների թափանցիկությունը հանգեցնում է զենքի յուրաքանչյուր մատակարարման և Ադրբեջանի կողմից ուժերի հաշվեկշռի խախտման վերահսկելիության, հաշվի առնելով, որ Մոսկվան տարածաշրջանի երկրների առջև որոշակի պարտավորություններ է դնում զենքը չկիրառելու առումով՚, - ընդգծել է նախարարը:
Հիշեցնելով Հայաստանի և Ռուսաստանի միջև սերտ հարաբերությունների մասին` Օհանյանը նշել է, որ Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման վերաբերյալ հունիսի 25-ին ստորագրված կարևոր փաստաթուղթը հնարավորություն կընձեռի այն զարգացնել ավելի բարձր, միջպետական մակարդակով` պայմանագրեր կնքելով երկու երկրների ռազմական արդյունաբերության նոր համատեղ ձեռնարկությունների ստեղծման շուրջ՚, - ամփոփել է Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը: