ԱՄՆ Սենատի
արտաքին հարաբերությունների կոմիտեն ապրիլի 10-ին ընդունել է Օսմանյան
կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև, որը Վաշինգտոնին
կոչ է անում իր արտաքին քաղաքականության մեջ հաշվի առնել Ցեղասպանության դասերն ու
հետևանքները:
Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ դատի գրասենյակը, ԱՄՆ
Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտենի կողմից նման բանաձև ընդունվում է
առաջին անգամ:
«Այսօր տեղի ունեցած քվեարկությունը հաստատում է
Ամերիկայի հակվածությունը դեպի ճշմարտություն, լուրջ հարված է հասցնում
ցեղասպանության ժխտման թուրքական քաղաքականությանը և ազդանշան է ուղարկում նախագահ
Օբամային, որպեսզի նա վերջ դնի իր վարչակազմի մասնակությանն Անկարայի
հանցագործության կոծկմանը»,- հայտարարել է ԱՀԴԳ գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Նա
նաև շնորհակալություն է հայտնել կոմիտեի նախագահ Ռոբերտ Մենենդեսին` նրա
աջակցության համար, ինչպես նաև երախտագիտություն հայտնել սենատորներից
յուրաքանչյուրին:
Ներկայացնելով
փաստաթուղթը, Կոմիտեի ղեկավար, սենատոր Մենենդեսը, մասնավորապես, հայտարարել է.
«Ցեղասպանությունը դա ցեղասպանություն է, և դրան երբեք չի կարելի մեկ այլ անուն
տալ, և բոլորը պետք է ճանաչեն այն, հատկապես մարդկության դեմ կատարված այդ
հանցագործության 100-ամյակի նախաշեմին»: Նշենք, որ բանաձևն ընդունվել է 12 «կողմ»
ձայներով, իսկ 5 սենատոր քվեարկել է «դեմ»: