Կոնստանցա դրամատիկական թատրոնում հաջողությամբ տեղի է ունեցել Էդգար Հիլզենրատի (Edgar Hilsenrath)ՙՀեքիաթ մահից առաջ՚ վեպի հիման վրա ներկայացման պրեմիերան, որում խոսվում է 1915 թ. Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության մասին:
Ինչպես հաղորդում է Deutsche Welle-ը, պրեմիերայի նախօրեին թատրոնից պահանջել են չեղյալ հայտարարել մարտի 21-ին նախատեսված պրեմիերան: Բացի այդ, Կարլսրուեում Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունը խնդրել է ամեն ներկայացումից առաջ հանդիսատեսին տեղեկացնել այդ տարիների իրադարձությունների տարբեր մեկնաբանությունների մասին:
Ինչպես մարտի 23-ին հաղորդել է dpa գործակալությունը` վկայակոչելով Կոնստանցայի ոստիկանությունը, առաջին ցուցադրության օրը թատրոնի դիմաց ցույց է անցկացվել, որին մասնակցել էր շուրջ 100 մարդ: Ցուցարարների դժգոհությունն է հարուցել ներկայացման պաստառը, որում պատկերված է հատակին պառկած մարդ՝ ծածկված սպիտակ կտորով, իսկ վերևում ծածանվում է թուրքական դրոշը: Պաստառի վրա մեջբերված է Ռեջեփ Էրդողանի խոսքը.ՙՄեր պատմության մեջ Ցեղասպանություն չի եղել՚:
Բադեն- Վյուրտեմբերգի հայկական համայնքն իր հերթին դժգոհությունն է հայտնել բողոքի ակցիայի առնչությամբ: ՙԱյն, որ Թուրքիան մինչև հիմա ժխտում է Ցեղասպանության փաստը, վկայում է վերջինիս տգիտության մասին: Եթե այն նույնիսկ Գերմանիայում է պահանջում խեղաթյուրել պատմությունը, դա արդեն անխոհեմություն է: Մենք այստեղ՝ Կոնստանցայում, ականատես ենք պատմական ճմարտության ու արվեստի ազատության դեմ անհեթեթ պայքարի՚:
Պրեմիերան կայացել է, սակայն վիճահարույց պաստառները թատրոնն, այնուամենայնիվ, հանել է, ինչպես պարզաբանել է թատրոնի տնօրեն Քրիստոֆ Նիքսը՝ ՙթուրքական համայնքի հանդեպ հարգանքից ելնելով՚: Թատրոնի տնօրենը միաժամանակ ընդգծել է, որ Գերմանիայում ՙարվեստն անսահմանափակ ազատություն ունի՚: