Քեսաբի
իրադարձությունները ցույց տվեցին, որ Թուրքիան շարունակում է վտանգ ներկայացնել իր
հարևանների համար: Մարտի 26-ին մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել
«Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը:
«Այն փաստը, որ Թուրքիան և Ադրբեջանն իրենց տարածքները
տրամադրել են գրոհայինների տեղաշարժի համար, որոնք, ներթափանցելով Սիրիա, առաջին
հերթին հարձակվել են հայաբնակ շրջանների վրա, վկայում է այդ պետություններից
մշտապես սպառնացող վտանգի մասին», - նշել է նա: Քաղաքագետը նաև նշել է, որ Քեսաբի
իրադարձությունների համար մեղքի իրենց բաժինն ունեն Հայաստանի իշխանությունները, որոնք անտեսել են
սիրիահայ համայնքին սպառնացող վտանգը: «Ողջ աշխարհը մտահոգություն էր հայտնում
Սիրիայում գրոհայինների գործողությունների առնչությամբ, սակայն Հայաստանի
իշխանությունները, քաջ գիտակցելով, որ այնտեղ կա բազմամարդ համայնք, էական ոչինչ
չարեցին, նրանց անվտանգության հարցը չբարձրացրեցին միջազգային կառույներում», -
հայտարարել է Սաֆարյանը:
Հիշեցնենք, որ մարտի 21-ից Սիրիայի սահմանամերձ Քեսաբ քաղաքը հարձակման է ենթարկվում իսլամական ՙԱլ-Նուսրա՚ և ՙԻսլամական ճակատ՚ խմբավորումների կողմից: Քաղաքը պաշտպանում են հայ կամավորականները, Քեսաբի ինքնապաշտպանության հայկական ջոկատները, ինչպես նաև Սիրիայի կառավարական բանակը: Քաղաքը գրոհում են Թուրքիայի կողմից և նրա աջակցությամբ: Խմբավորումների շարքերը համալրում են, հիմնականում, թուրքերը: Նախօրեին նաև հայտնի է դարձել, որ թուրքական ռազմաօդային ուժերը խփել են սիրիական կործանիչը, որը հետապնդել է Թուրքիայից Սիրիայի հայաբնակ Քեսաբ քաղաք ներթափանցած իսլամական գրոհայիններին: Հայաստանի նախագահ
Սերժ Սարգսյանը, ինչպես նաև Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա. կաթողիկոսը Սիրիայի
իշխանություններին և միջազգային հանրությանը կոչ են արել պաշտպանել Քեսաբը և
համարժեք գնահատական տալ իրավիճակին: