Աբխազիայի իշխանություններին զարմացրել է ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի հայտարարությունը, թե իբր Աբխազիան նախկին Անդրկովկասյան երկաթգծի տարանցիկ հատվածի բացման համաձայնություն է տվել: Այդ մասին հայտարարել է Աբխազիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Կրիստիան Բժանիան։
Ավելի վաղ ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը հայտնել էր, որ վրացական կողմը, ինչպես նաև Աբխազիայի դե-ֆակտո իշխանությունները երկաթուղու աբխազական հատվածի բացման համաձայնություն են տվել։ Աբխազիայի ղեկավարությունը Հայաստանի ներկայացուցչի հայտարարությունը անվանել է իրականությանը չհամապատասխանող, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
ՙԱբխազիայի տարածքով միջանցիկ երկաթուղու բացման թեման վաղուց չի բարձրացվել ոչ ռուս-աբխազական երկխոսության շրջանակներում, ո’չ էլ որևէ այլ ձևաչափում՚,- ընդգծել է նա: Կրիստիան Բժանիան ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ գոյություն չունի ՙերկաթուղու աբխազական հատված՚, կա Աբխազական երկաթուղի:
Աբխազիայի նախագահի վարչակազմում ճշտել են, որ երկաթուղու հարցը չի քննարկվել Աբխազիայի ու Ռուսաստանի նախագահների ո’չ Սոչիի, ո’չ Պիցունդայի հանդիպումների ժամանակ: