Հայաստանում
տեղակայված ռուսական ռազմակայանի համար
նոր տարածքների հատկացումը ճիշտ որոշում է: Նոյեմբերի 26-ին մամուլի ասուլիսում
այդպիսի կարծիք է հայտնել Արցախյան պատերազմի մասնակից, հատուկ նշանակության խմբի
հետախույզների դիվիզիայի հրամանատար Վովա Վարդանովը:
«Այն տարածքը, որում
տարիներ շարունակ տեղակայված են եղել ռուսաստանցի զինվորականները, ակնհայտորեն
բավական չէր, և, կարծում եմ, կայացված որոշումը նպատակահարմար էր», - նշել է նա,
ընդսմին հավելելով, որ այդ հարցի առնչությամբ բարձրացված իրարանցումը
նպատակաուղղված է հայ հասարակության պառակտմանը:
Նա, միևնույն ժամանակ,
կարծում է, որ հարկավոր է ուղղումներ կատարել ռազմակայանի տեղակայման շուրջ
համաձայնագրում, մասնավորապես, փոխել այն կետը, որտեղ նշվում է, թե ռազմակայանը
լիովին անկախ է: «Հարկավոր է իրավաբանորեն ամրագրել ռազմակայանի հրամանատարության
գործողությունների և որոշումների կախումը Հայաստանի շահերից», - կարծում է
պատերազմի վետերանը:
Քաղաքագետ Լևոն Շիրինյանն
իր հերթին համոզմունք է հայտնել, որ ՌԴ հետ ռազմական համագործակցությունից
Հայաստանը միայն շահում է: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Ռուսաստանը
հասկանում է, թե որքան կարևոր է փոխգործակցությունը Հայաստանի հետ: Եվ դա հաշվի
առնելով` Մոսկվան ոչ մի դեպքում չպետք է
կրկնի բոլշևիկների սխալները:
Հիշեցնենք, որ նոյեմբերի
21-ին կառավարության նիստում պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը հայտարարել է
Գյումրիի 102-րդ ռուսական ռազմակայանին «Էրեբունի» ռազմական օդանավակայանի մոտ նոր
տարածքներ տրամադրելու մտադրության մասին: Այդ որոշումը կայացվել է հայ-ռուսական
միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի արդյունքում: Որոշման համաձայն, ռուսական
կողմը, մասնավորապես, առաջարկել է
ամրապնդել 102-րդ ռազմակայանը, ինչի առնչությամբ արդեն այս ամիս ռազմակայանը 18
ուղղաթիռ կստանա: