Մեր ղեկավարները որոշել են 2015 թվականին անցնել նոր փուլի` ինտեգրման Եվրասիական տնտեսասկան միությունում: Այժմ պատրաստվում է Եվրասիական տնտեսական միության մասին համաձայնագիրը: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը ՙԷխո Մոսկվիի՚ հեռարձակած հարցազրույցում:
ՙՄաքսային միությունը միասնական տնտեսական տարածություն է, բացի այդ, այժմ քննարկվում է, թե լրացուցիչ էլ ինչ կլինի: Մենք ելնում ենք այն բանից, որ պաշտոնապես անդամակցության ցանկություն հայտնած պետություններն են Ղրղըզստանն ու Հայաստանը: Մշակվում է անդամակցության ճանապարհային քարտեզ: Այդ պետությունները մեզ հետ միասին մասնակցում են Եվրասիական տնտեսական միության ստեղծման շուրջ բանակցություններին: Եվ ընդհանուր ըմբռնումն այն է, որ մինչև 2015 թիվը մենք պետք է միաժամանակ ավարտենք Եվրասիական տնտեսական միության ձևավորումն ու նոր անդամների միանալու գործընթացը: Ուկրաինայի պարագայում գնդակը, ինչպես ասում են, ուկրաինական կողմում է: Եթե Ուկրաինան ստորագրում է Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը, նա այդ գործընթացին չի մասնակցի՚, - հայտարարել է Գլազևը:
Խորհրդականի կարծիքով, ընդհանուր սահմանների բացակայությունը բարդություն է, որը խոչընդոտ չի դառնա Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության համար: Որպես օրինակ Գլազևը նշել է Կալինինգրադի մարզը, նշելով, որ Մաքսային միության աշխատանքի արդեն հինգերորդ տարին է, ինչ միասնական մաքսային տարածությունում գոյություն ունի Կալինինգրադի մարզը, որն ընդհանուր սահման չունի: ՙԻրոք, ընդհանուր սահմանի բացակայությունը որոշակի բարդություն է, որը մաքսային օրենսգիրքը թույլ է տալիս: Մենք ստիպված կլինենք անցկացնել այն ապրանքների դիտարկում, որոնք հատում են Հայաստանի պետական սահմանը, անդրսահմանային գործառնությունների դիտարկում: Սակայն չեն լինի ոչ մաքսատուրքեր, ոչ մաքսային ձևակերպումներ: Կլինի դիտարկում, որի կանոնները կամրագրվեն հատուկ՚, - ամփոփել է ՌԴ նախագահի խորհրդականը: