Հունվարի 18-ին Ազատության հրապարակում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման դեմ կայացած հանրահավաքի հիմնական նորությունն այն է, որ առաջամարտիկները քաղաքացիական ակտիվիստներն էին, մինչդեռ քաղաքական գործիչներին ոչինչ չէր մնում, քան ընթանալ շարժման նավարկուղով, ԱրմԻնֆո-ի թղթակցին այդպիսի կարծիք է հայտնել Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը:
Հունվարի 18-ին Երևանում հանրահավաք է տեղի ունեցել ընդդեմ կուտակային կենսաթոշակային համակարգի: Հանրահավաքի կազմակերպիչները`ՙԴեմ եմ՚ երիտասարդական քաղաքացիական նախաձեռնության անդամները, գտնում են, որ օրենքը հակասում է Սահմանադրությանը: Հանրահավաքին մասնակցել են Ազգային ժողովի 4 ոչ իշխանական խմբակցությունների ներկայացուցիչները:
ՙՀանրահավաքն աննախադեպ է`հաշվի առնելով, որ քաղաքական կուսակցություններն ուղղակի ստիպված էին ընդունել քաղաքացիական նախաձեռնության` հանրահավաքին մասնակցելու հրավերը: Բոլորին հայտնի է, թե ինչպիսի խանդով են քաղաքական ուժերը վերաբերում քաղաքացիական ուժերի հաջողություններին: Սակայն, կուսակցականներն իրենք, ելույթ ունենալով այդ հանրահավաքում, ընդունել են նոր իրավիճակի փաստը, երբ կուսակցությունների և քաղաքացիական ակտիվիստների համատեղ մասնակցությունը որոշակի հարցի շուրջ պայքարին հնարավոր է դառնում: Այլ երկրների փորձը ցույց է տվել, որ նման սցենարը գրեթե միշտ ավելի մեծ արդյունավետություն է ունեցել, քանի որ, ի տարբերություն քաղաքական գործիչների, երիտասարդության հետ շատ ավելի դժվար է պայմանավորվել: Այդ պատճառով, միայն այն, որ նման սխեման, վերջապես, աշխատել է Հայաստանում, վկայում է հզոր, լավ կարգավորվող ալիքի ստեղծման հեռանկարների մասին, որում կուսակցություններն արդեն վճռորոշ ուժ չեն լինի՚,- նշել է Սարգսյանը:
Կանխատեսելով Սահմանադրական դատարանի կողմից խորհրդարանի ընդունած ՙՀայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման մասին՚ օրենքը ոչ սահմանադրական ճանաչելու հեռանկարները`վերլուծաբանը նշել է, որ նույնիսկ եթե ինչ-որ հրաշքով դա տեղի ունենա, դա միայն կնշանակի, որ ռեժիմը ինքն է հանգել այդ օրենքի աննպատակահարմարության վերաբերյալ եզրակացության: ՍԴ-ն ինքնուրույն չի կարող դրան գնալ, սակայն նման շարժման առկայության փաստն ինքին ստիպում է մտածել դրա հեռանկարայնության մասին:
Հիշեցնենք, որ կենսաթոշակային կուտակային ապահովման կամավոր համակարգը Հայաստանում ներդրվեց 2011 թվականի հունվարի 1-ից, իսկ 2014 թվականի հունվարի 1-ից համակարգը կդառնա պարտադիր: Համակարգի մասնակիցները կլինեն 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված Հայաստանի քաղաքացիները: ՙՀայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման մասին՚ օրինագծի համաձայն, բազային նվազագույն կենսաթոշակը կհավասարվի ապրուստի համար անհրաժեշտ մինիմումին, իսկ հիմնական կենսաթոշակը կկազմի ապրուստի համար անհրաժեշտ մինիմումի 150%-ը: Ամենամսյա պարտադիր վճարները կկազմեն աշխատավարձի 5%-ը, որի վրա կավելանա նաև պետության կողմից վճարվող լրացուցիչ 5%-ը (բայց 25 հազ.դրամից ոչ ավել):