Հայաստանում
բնակվող Ուկրաինայի 354 քաղաքացիներ հայտ էին ներկայացրել մասնակցելու Ուկրաինայի
Գերագույն ռադայի ընտրություններին, քվեարկել է 102 մարդ: Այդ մասին հայտարարել է
Հայաստանում Ուկրաինայի դեպսան Իվան Կուխտան ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում:
«Այդպիսով, քվեարկածների 70 տոկոսը ձայն է տվել «Պյոտր
Պորոշենկոյի դաշինքին», երկրորդ տեղում է Յացենյուկի «Ժողովրդական ճակատը»՝ մոտ 10
տոկոս, մնացած կուսակցությունները հավաքել են մոտավորապես 0,5-1 տոկոս: Դա վկայում
է այն մասին, որ Հայաստանի տարածքում բնակվող Ուկրաինայի քաղաքացիները, ըստ
էության, պաշտպանել են նախագահի,
վարչապետի գիծը, պաշտպանել են Ուկրաինայի եվրաինտեգրումը», - ընդգծել է
դիվանագետը: Եվ այդ համատեքստում Կուխտան հավելել է, որ Հայաստանում բնակվող
Ուկրաինայի քաղաքացիները վստահության մեծ քվե են տվել Ուկրաինայի նախագահին եւ
կառավարությանը:
Ընդ որում՝ ուկրաինացի դիվանագետը կարծում է, որ
Գերագույն ռադայի ընտրություններն անցել են
ժողովրդավարության ոգով:
«Կա ընտրությունների ընթացքի դիտարկմանը մասնակցած
բոլոր միջազգային ինստիտուտների ճանաչումը, որոնք տվել են իրենց գնահատականը,
մասնավորապես, որ, չնայած մեծ դժվարությունների առկայությանն Ուկրաինայում,
ընտրողների մասնակցությունը եղել է մեծ՝
52 տոկոս: Ուկրաինայի քաղաքացիներն ակտիվորեն մասնակցել են քվեարկությանը
եւ վերահաստատել եվրաինտեգրման գիծը», - եզրափակել է Կուխտան:
Հոկտեմբերի 26-ին Ուկրաինայում ընթացել են արտահերթ
խորհրդարանական ընտրություններ: հնգամյա ժամկետով ընտրվել է 423 խորհրդարանական.
198-ը՝ միամանդակ մեծամասնական ընտրատարածքներում, իսկ 225-ը՝ ըստ կուսակցական ցուցակների:
Ուկրաինայի Գերագույն ռադայի արտահերթ
ընտրություններում ձայների 82,76 տոկոսի հաշվարկից հետո առաջին տեղում է վարչապետ
Արսենի Յացենյուկի «Ժողովրդական ճակատը»՝ 21,99 տոկոս ձայներով, երկրորդ տեղում՝
«Պյոտր Պորոշենկոյի դաշինիքը»՝ 21,63 տոկոս ձայներով: Այնուհետեւ գալիս են
«Սամոպոմոչը»՝ 10,99 տոկոս, «Ընդդիմադիր դաշինքը» ՝ 9,47 տոկոս, «Ռադիկալ
կուսակցությունը»՝ 7,45 տոկոս, Յուլիա Տիմոշենկոյի «Բատկիվշչինան»՝ 5,7 տոկոս: