Carrefour ֆրանսիական ռիթեյլերի`հայաստանյան շուկա մուտք գործելու շուրջ բանակցություններ են ընթանում, այսօր լրագրողներին հաղորդել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն:
Դեսպանի խոսքով, իր բոլոր զրուցակիցները, որոնց հետ ինքը հնարավորություն է ունեցել քննարկելու Հայաստանում Carrefour-ի գործունեության հնարավորությունները, դրական պատասխան են տվել: ՙՈրպես Ֆրանսիայի դեսպան` գոհունակություն եմ հայտնում այն առնչությամբ, որ այսքան մեծաթիվ մարդիկ ցանկանում են տեսնել Carrefour-ը հայաստանյան շուկայում՚,- նշել է Ռենոն` ընդգծելով, որ անհրաժեշտ պայմաններ ստեղծվել են, և հայկական կողմն այդ գործընթացին աջակցելու պատրաստակամություն է հայտնում:
ԱրմԻնֆո-ի հավաստի աղբյուրների համաձայն, Carrefour ֆրանսիական ռիթեյլերի`6 հազար քմ տարածքով առաջին հիպերմարկետը Հայաստանում կբացվի Երևանի Արշակունյաց պողոտայում: Աղբյուրի համաձայն, ընդհանուր առմամբ Հայաստանում Carrefour-ը նախատեսում է բացել 3 հիպերմարկետ:
Հիշեցնենք, որ Dalma Garden Mall առևտրի կենտրոնի ղեկավարությունը` ի դեմս ձեռներեց Սամվել Կարապետյանի, չեղյալ է հայտարարել հիպերմարկետի համար առևտրային տարածքի վարձակալության շուրջ պայմանագիրը Carrefour եվրոպական մանրածախ ցանցի հետ: Իսկ այդ իրադարձության գլխավոր ՙմեղավորը՚, ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերի համաձայն, հայ օլիգրախ, ՙԵրևան-Սիիթի՚ սուպեմարկետների ցանցի սեփականատեր Սամվել Աալեքսանյանն է:
Նշենք, որ ԱրմԻնֆո-ի հավաստի աղբյուրների համաձայն, Carrefour հիպերմարկետը Երևանում կաշխատի էմիրությունների` Majid Al Futtaim Holding (MAF) ընկերության ֆրանչայզինգի սկզբունքներով, որը հանդիսանում է Carrefour հիպերմարկետների ցանցի տարածաշրջանային ֆրանշիզայի տնօրինողը: Հիշեցնենք, որ ներկայումս MAF-ն արդեն ունի 45 սուպերմարկետ:Նշենք նաև, որ խանութների թվով (ավելի քան 15 հազար) ֆրանսիական Carrefour խումբը Եվրոպայում զբաղեցնում է առաջին, իսկ աշխարհում` երկրորդ տեղը: Carrefour հիպերմարկետներն ունեն պարենային և ոչ պարենային ապրանքների 80 հազարանոց տեսականի: Ցանցի անձնակազմի ընդհանոր թիվը կազմում է ավելի քան 400 հազար:
Տնտեսական փորձագետների կարծիքով, Հայաստանում Carrefour-ի ներդրումների ծավալը կարող է կազմել 6-8 մլն.դոլար: Նշենք, որ ըստ ԱրմԻնֆո գործակալության տվյալների, Ֆրանսիական խոշորագույն Carrefour ռիթեյլերը հայաստանյան շուկա դուրս գալու հնարավորությունն սկսել էր ուսումնասիրել 2 տարի առաջ: Փորձագետները գտնում են, որ Carrefour ռիթեյլերի մուտքը Հայաստան կնպաստեր մրցակցային մթնոլորտի բարելավմանը մանրածախ առևտրի ոլորտում, որը ներկայումս, գործնականում, բաժանված է 2 խոշորագույն ցանցերի միջև, որոնց սեփականատերերն են օլիգարխ-խորհրդարանականները: