Հայ կինեմատոգրաֆը զարգացման ճիշտ մոդել է գտել, նշել է մշակույթի նախարար Հասմիկ
Պողոսյանն ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում:
«Մեր կինեմատոգրաֆը չունի
լուրջ նյութատեխնիկական բազա և լուրջ ներդրումներ: Հաշվի առնելով այս հանգամանքը,
ֆիլմերի համատեղ արտադրությունը, որոնք վաղն ազգային արժեք կներկայացնեն, իրոք
լուրջ քաղաքականություն է», - ասել է Պողոսյանը:
Որպես օրինակ նախարարը
նշել է «Փարաջանով» ֆիլմը, որը նկարահանվել է 4 երկրների` Հայաստանի, Ուկրաինայի,
Վրաստանի և Ֆրանսիայի մասնակցությամբ: «Այդ ժապավենը կարելի է համարել ճիշտ մոդելի
նմուշ, երբ Հայաստանը ճիշտ է ընտրել և թեման, և գործընկերներին: Արդյունքում`
ստացվել է իրոք լավ ֆիլմ», - ընդգծել է
նա: Այդպիսով, ինչպես հավելել է Պողոսյանը, համատեղ արտադրությունը, որպես հայ
կինեմատոգրաֆի զարգացման ձև, իրեն, իրոք, արդարացնում է:
Ինչպես ավելի վաղ նշել էր
Հայաստանի ազգային կինոկենտրոնի ղեկավար Գևորգ Գևորգյանը, հայկական ֆիլմերի 80-90
տոկոսն ստեղծվում է այլ երկրների հետ համագործակցությամբ: Համատեղ
կինոարտադրության զարգացմանը նպաստում է նաև Կաննի կինոփառատոնի կինոշուկայի
հայկական տաղավարը, որի շնորհիվ կինոարտադրողներն ու ռեժիսորները գործընկերներ են
գտնում իրենց նախագծերի իրագործման համար:
2014 թվականին Ազգային
կինոկենտրոնը ծրագրել է շուրջ 12 ֆիլմերին առնչվող աշխատանքներ: Դրանց թվում են
Արմեն Վաթյանի «Երկար վերադարձ», Արման Չիլինգարյանի «88», Հովհաննես Գալստյանի
«Լուսավոր շրջան» ֆիլմերը: Օրինակ, «Երկար վերադարձը» կնկարահանվի բուլղարական
կողմի հետ համագործակցությամբ, իսկ «Լուսավոր շրջանը»` ֆրանսիական Cosmopolis Films ընկերության հետ: