Հայաստանի նկատմամբ ԱՄՆ Պետդեպարտամենտի գործողությունները հակասական են. մի կողմից`ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունը շնորհավորում է Սերժ Սարգսյանին ընտրություններում վերընտրվելու կապակցությամբ, մյուս կողմից`հրապարակում զեկույց, որում քննադատում է այդ ընտրությունները, ապրիլի 23-ին մամլո ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությունից ԱԺ պատգամավոր, կուսակցության մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը`պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:
Պատգամավորի խոսքով, չի բացառվում նաև, որ Պետդեպարտամենտի զեկույցն արտաքին քաղաքական ասպարեզում Հայաստանի իշխանությունների որոշակի գործողությունների հետևանք էր: ՙՉեմ ցանկանում խորամուխ լինել մանրամասների մեջ, բայց, կարծում եմ, այդ ենթադրությունը գոյություն ունենալու իրավունք ունի՚,- հայտարարել է Ուրիխանյանը:
Իր ամենամյա զեկույցում ԱՄՆ Պետդեպարտեմնտը նշել է, որ 2012 թ. Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում ամենանշանակալից խնդիրները եղել են իշխանությունը փոխելու իրավունքի սահմանափակումները, կոռուպցիան և թափանցիկության բացակայությունը կառավարությունում, ինչպես նաև դատական համակարգի սահմանափակ անկախությունը: