Օրերս ՙՀայփոստ՚-ը համալրել է իր ավտոնտեսությունը ևս 25 ժամանակակից ավտոտրանսպորտային միջոցներով` ընկերության վերակազմավորման շրջանակներում: Ինչպեես այսօր կայացած շնորհանդեսին հաղորդել է ընկերության տնօրեն Խուան Կառլո Գեչիջյանը, Renault Logan, Daewoo Matiz և Daewoo Damas մակնիշի նոր ավտոմեքենաների շնորհիվ կավելանան Արարատ, Արմավիր և Գեղարքունիք մարզերի երթուղիները 70 տոկոսով, ինչն իր հերթին զգալիորեն կբարձրացնի մատուցվող ծառայությունների որակը:
Ըստ Գեչիջյանի, ավտոնտեսության ընդլայնումն ու արդիականացումն ուղղված են բարձրորակ ծառայությունների ապահովմանը թե՛ գյուղերում, թե՛ քաղաքներում: Նոր փոխադրամիջոցները հնարավորություն կտան փոստային բաժանմունքներ հասնել ավելի արագ և անվտանգ: Այդ նպատակով ավտոմեքենաները հագեցած են GPS համակարգով, ինչը հնարավորություն կտա վերահսկել մեքենաների հոսքը անմիջապես գլխամասից:
Նոր փոխադրամիջոցները վառելիքի ավելի քիչ ծախս են նախատեսում, ինչն անմիջական բնապահպանական ազդեցություն ունի, և կրճատում են ընկերություն գործառնական ծախսերը:
Նա նշել է, որ յուրաքանչյուր տարի Հայփոստի ավտոտնտեսության ընդալնումն ու արդիականացումը ՙՀայփոստ թրասթ մենեջմենթ՚-ի կողմից մշակած զարգացման ռազմավարության կարևոր մասն է կազմում: Այն ուղղված է Հայփոստի վերափոխմանը` ավելի դինամիկ, ճկուն և բարձրորակ սպասարկման չափորոշիչներին համապատասխանող փոստային օպերատորի: Առաջին ՙՓոստմոբիլը՚ կսպասարկի Արագածոտնի մարզի համայնքները: Նախատեսվում է նման շարժական բաժանմունքներ ներդնել նաև մյուս մարզերում: Ծրագիրը ներդրվել է ռուսական ՙՊոչտա Ռոսսիի՚, ինչպես նաև La Poste և Poste Italiane ընկերությունների փորձի հիման վրա: Դա գյուղացիներին թույլ կտա իրականացնել կոմունալ վճարներ, կատարել դրամական փոխանցումներ, բաժանորդագրվել պարբերական հրատարակումներին, օգտվել առևտրի, ինչպես նաև ավանդական փոստային ծառայություններից:
Ըստ ընկերության ղեկավարի, ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է նոր, արդիականացված ծառայությունների ներդրում, ինչի հետ կապված նախատեսվում է ցանցն ամեն տարի համալրել 50 նոր բաժանմունքներով: 2013 թվականին կբացվի 60 նոր նման բաժանմունք:
Շնորհանդեսին ներկա, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը նշել է, որ ներդրումները Հայփոստի ավտոտնտեսությանը վկայում են պետության և մասնավոր հատվածի սերտ համագործակցության մասին: Նրա կարծիքով, ընկերության ավտոտնտեսության ընդլայնման շնորհիվ կբարձրանա փոստային ծառայությունների որակը: Նա նշել է, որ 2014 թվականին ընկերությունն իր ավտոմոբիլային տնտեսությունը կհամալրի ևս 26 ավտոմեքենաներով, միաժամանակ հավաստելով, որ դրանից փոստային ծառայությունների սակագները չեն բարձրանա:
Նշենք, որ Հայփոստի կոնցեսիոն կառավարիչն է Haypost Trust Management ընկերությունը: Կոնցեսիոն պայմանագրի ժամկետը լրանում է 2017 թվականին: Իսկ Haypost Trust Management ընկերության շահառուն է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը: