ՄՄ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված ցանկացած հարցեր մանրամասն քննարկվելու է և բոլոր որոշումներն ընդունվելու են միջազգային իրավունքին համապատասխան: Ինչպես հաղորդում է Trend-ը, այդ մասին Բաքվում հայտարարել է Ադրբեջանում Բելառուսի դեսպան Նիկոլայ Պացկևիչը:
ՙԵթե Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հետ կապված ինչ որ խնդիրներ առաջանան, դրանք անպայման բազմակողմանիորեն կքննարկվեն, իսկ որոշումներ ընդունվելիս հաշվի կառնվեն Մաքսային միության անդամ բոլոր երկրների պաշտոնական դիրքորոշումները՚,- ասել է դիվանագետը:
Մաքսային միությունն ստեղծվել է ՌԴ նախագահ Պուտինի նախաձեռնությամբ Եվրասիական տնտեսական համագործակցության շրջանակում` որպես Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի առևտրատնտեսական ինտեգրման ձև, որը նախատեսում է միասնական մաքսային տարածություն: Ընդ որում մաքսային միության մասնակից երկրները կիրառում են միասնական մաքսային սակագին և երրորդ երկրների հետ առևտրի կարգավորման այլ միասնական միջոցներ: