Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններում խախտումներ տեղի են ունեցել առավելապես ընդդիմադիր ուժերի մեղքով, քանի որ նրանք մեծամասնություն են կազմել ընտրահանձնաժողովների կազմում, ինչպես նաև ունեցել են շատ վստահված անձինք, և օգտվելով դրանից`կարող էին պատշաճ վերահսկողություն կազմակերպել ընտրությունների ընթացքի նկատմամբ: Այդ մասին այսօր մամլո ասուլիսում հայտարարել է ՙԸնտրական համակարգեր կենտրոն՚ ՀԿ նախագահ Վահրամ Վարդանյանը:
Ըստ որում, նա հավաստիացրել է, որ ընդդիմությունը և իշխանությունները համատեղ ջանքերով խախտումներ են կազմակերպել Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններում: Նա տեղեկացրել է, որ իրենք դիտորդական առաքելություն են իրականացրել 11 և 12 ընտրատարածքներում /Շենգավիթ և Էրեբունի համայնքներ/: Վարդանյանի խոսքով, մի շարք ընտրատեղամասերում լարված մթնոլորտ է տիրել, արձանագրվել են ընտրողների կուտակումներ, մի քանի քվեաթերթիկ նետելու փորձեր, ինչպես նաև սահմանափակ են եղել դիտորդների և լրագրողների հնարավորությունները, կեղծիքներ են նկատվել ձայների հաշվարկի ընթացքում: Խոսելով ընտրական գործընթացի որակի մասին`նա ընդգծել է. ՙԿարծում եմ, որ այս ընտրությունները որակապես ավելի լավն էին, քան անցած նախագահական ընտրությունները՚:
ՙԵրիտասարդական ակումբների դաշնություն՚ ՀԿ նախագահ Ատոմ Մխիթարյանն իր հերթին հայտարարել է, որ իրենց դիտորդական առաքելությունը գոհ է Երևանի Ավագանու խորհրդի ընտրությունների որակից: Նա հաղորդել է, որ իրենք 38 դիտորդներով կարողացել են լինել 100 ընտրատեղամասերում, որտեղ արձանագրել են մարդկանց ոչ մեծ կուտակումներ, մեծաթիվ վստահված անձանց ներկայություն ընտրատեղամասերում, որոշ անձանց օգնելու դեպքեր: