Հայաստանում կառավարման ճգնաժամի վերաբերյալ ոչ իշխանական խորհրդարանական ուժերի հայտարարությունը փոթորիկ է մեկ բաժակ ջրում, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
ՙԵթե Հայաստանում ճգնաժամ կա, ապա ոչ թե կառավարման համակարգում, այլ`ոչ իշխանական ուժերի շարքում՚,- հավաստիացրել է Շարմազանովը`ավելացնելով, որ կառավարման ճգնաժամ լինում է այն ժամանակ, երբ խորհրդարանական մեծամասնությունն ի վիճակի չէ կատարել իր գործառույթները, ապահովել քվորում, երբ կառավարությունն ի վիճակի չէ կատարել իր աշխատանքը, երբ նախագահը և դատական իշխանությունը չեն կարողանում կատարել իրենց պարտականությունները:
ՙՎստահ եմ, որ ոչ ոք, նույնիսկ մեծ ցանկության դեպքում, չի կարող նշել Հայաստանի օրենսդիր, գործադիր կամ դատական իշխանության անգործունակության մասին վկայող թեկուզ մեկ փաստ: Այդ պատճառով Հայաստանում կառավարման ճգնաժամի վերաբերյալ ոչ իշխանական ուժերի հայտարարությունները գնահատում եմ` որպես փոթորիկ մեկ բաժակ ջրում՚,-հայտարարել է Շարմազանովը:
Նշենք, որ օրերս Եռյակը`ՙԲարգավաճ Հայաստան՚, ՙԺառանգություն՚, ՀԱԿ, խորհրդարանի օրակարգ է մտցրել Հայաստանում կառավարման ճգնաժամի վերաբերյալ հայտարարության նախագիծ, որում, մասնավորապես, խոսվում է հանրապետության իշխանական ռեժիմի անգործունակության մասին: