Երևանցիների 52%-ը
դրական է գնահատել փոփոխությունները Ոստիկանության համակարգում: Դեկտեմբերի 24-ին
այդ մասին հաղորդել է Հայաստանում Gallup International Association-ի
ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը` ներկայացնելով «Երևանցիները` Երևանի
մասին» հարցման արդյունքները:
Նրա ասելով, 2014 թվականին Ոստիկանությունում տեղի
ունեցած փոփոխությունները բացասական է գնահատել հարցման մասնակիցների 10%-ը, 14%-ը չի կարողացել կողմնորոշվել, իսկ
26%-ն ընդհանրապես փոփոխություն չի նկատել: Նա նաև նշել է, որ հարցման
ենթարկվածների 37%-ն ընդհանրապես չի նկատել Ոստիկանության աշխատակիցների նոր
համազգեստը: Նավասարդյանը նաև նշել է, որ հարցման մասնակիցների 56%-ը դրական է
գնահատել քաղաքի ոստիկանության հատուկ բաժանմունքի աշխատակիցների
գործունեությունը, 3%-ն այն գնահատել է բացասական, 39%-ը չի կարողացել գնահատել,
քանի որ չի հասկացել նրանց աշխատանքի իմաստը: Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի
աշխատանքը երևանցիները գնահատել են 3,9 բալլ` առավելագույն 5-ից:
Փորձագետը նշել է, որ հարցման մասնակիցների 45%-ի
կարծիքով մեքենա վարելը քաղաքում դարձել է անվտանգ` արագաչափերի թվի ավելացումից
հետո, 23%-ը հակառակ կարծիքի է, իսկ 32%-ը տարբերություն չի տեսնում: Նավասարդյանը
նշել է, որ հարցման մասնակիցների 49%-ը բացասաբար է վերաբերվում «կարմիր գծերին»,
15%-ը դա համարում է դրական երևույթ, իսկ 35%-ը ձեռնպահ է մնացել պատասխանից:
Ավելացնենք,
որ հարցումն անցկացվել է դեկտեմբերի 9-16-ը 1066 երևանցիյերի շրջանում` քաղաքի
տարբեր վարչական շրջաններում: