Երևանի կոնյակի գործարանը №1 կոնյակ արտադրողն է Հայաստանում և №1 արտահանողը, այսօր Ֆրանսիայի դեսպանատանը ֆրանսիացի խոշոր արտադրող Պոլ Ռիկարի հիշատակին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն այսպիսի խոսքերով է իր վերաբերմունքն արտահայտել գործարանի գործունեության և դեսպանատան ու գործարանի միջև առաջացած վստահական հարաբերությունների նկատմամբ: Նա ավելացրել է, որ գործարանը ֆրանսիական դեսպանատան գլխավոր հովանավորը և ՙնախանձախնդիր մեկենասն է՚:
Հիշեցնենք, որ ՙԵրևանի կոնյակի գործարանը՚ մտնում է Pernod Ricard ֆրանսիական խմբի մեջ, որն այսօր միավորում է 96 ձեռնարկություն /այդ թվում`ԵԿԳ-ն) և 19 հազար աշխատող: Խմբի հիմնադիրը Պոլ Ռիկարն է` ֆրանսիացի խոշոր արտադրող և հայտնի պաստիսի ստեղծողը: Այսօր երեկոյան դեսպանատանը ի պատիվ Պ. Ռիկարի և Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում կկազմակերպվի կլոր սեղան, որի ընթացքում Պոլ Ռիկարի դուստրը՝ Միշել Ռիկարը, և թոռը՝ Ֆրանսուա-Քսավիե Դիազը միջոցառման մասնակիցների ուշադրությանը կներկայացնեն Պոլ Ռիկարի անձնական կյանքը և մասնագիտական գործունեությունը: Երեկոյան ՙՄոսկվա՚ կինոթատրոնում կցուցադրվի ՙՇիկահեր նավը՚ գեղարվեստական ֆիլմը, որի պրոդյուսերը Պոլ Ռիկարն է եղել:
Դեսպանն իր ելույթում նշել է. ՙՊոլ Ռիկարն օժտված է եղել անհավանական ձեռնարկատիրական ունակություններով, հետաքրքրվել է ոչ միայն արդյունաբերությամբ, այլ նաև ճարտարապետությամբ, մեքենաշինությամբ և միաժամանակ արվեստով: Նա մեծատառով հեղափոխական էր՚:
Մամուլի ասուլիսին մասնակցող Ֆրանսուա-Քսավիե Դիազը իր հերթին նշել է, որ խմբի ձեռնարկությունների արտադրած խմիչքներն իրենց համային որակներով շատ տարբեր են, բայց դրանք միասնական արդյունաբերական մշակույթ են ձևավորում: Համեմատելով ֆրանսիական և հայկական կոնյակները` խմբի ղեկավարն ընդգծել է. ՙՖրանսիական կոնյակը մեծ պահանջարկ է վայելում, մասնավորապես, ասիական շուկաներում, մինչդեռ հայկականը` ռուսական՚:
Պոլ Ռիկարի դուստրն իր կողմից նշել է, որ հայրը եղել է մեծ հումանիստ, համարվել ամենաառատաձեռն և հոգատար գործատուն, չէր մոռանում օգնել նաև գյուղերի բնակիչներին: