Մադրիդյան սկզբունքների վեց տարրերը ղարաբաղյան հիմնախնդրի պարտադիր
լուծում չեն: Ինչպես հաղորդում է
«Ազատությունը», այդ մասին լրագրողներին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը` Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ հանիպումից հետո:
«Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իրավունք ունի և արժանի է տեղեկացված լինելու այդ ամենին, և հնարավորություն ունենալու հայտնել իր համաձայնությունը կամ անհամաձայնությունը», - հայտարարել է նա:
Պատասխանելով այն հարցին, թե ինչպես են համանախագահները տեսնում ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված հետագա ընթացքը, հաշվի առնելով հանրության կոշտ դիրքորոշումը, Ուորլիքը նշել է, որ իրենք հարգում են ժողովրդի իրավունքը՝ խաղաղ ձևով ներկայացնելու իրենց պահանջները: «Ինձ համար անակնկալ էր դա, բայց և այնպես ես մեքենայից դուրս եկա և բավական օգտակար զրույց ունեցա մասնակիցների հետ:
Չնայած անհամաձայնություններին, պետք է ինչ-որ ելք գտնել, որովհետև ամենավատ տարբերակը կարող է լինել պատերազմական գործողությունների վերսկսումը»,
- ասել է ամերիկացի համանախագահը, ընդգծելով, որ բոլորի պարտքն է ապահովել խաղաղությունը
Ղարաբաղում: Արձագանքելով լրագրողների այն դիտարկմանը, թե այդ վեց կետերը հենց կարող են նոր պատերազմի հանգեցնել, ամերիկացի համանախագահը հիշեցրել է, որ այդ վեց կետերը նորություն չեն, և նախկինում նույնպես բազմիցս խոսվել է այդ մասին: «Կարևոր եմ համարում մի բան շեշտել. այս ամենը պարտադիր որոշում չէ: Մինսկի խումբը չի կարող պարտադրել, մենք այստեղ ենք որպեսզի օգնենք ժողովրդին, լսենք նրանց կարծիքը և հանդիպենք ոչ միայն դե ֆակտո իշխանությունների, այլ նաև ժողովրդի հետ», - ասել է նա:
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Լեռնային Ղարաբաղում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին դիմավորել են բողոքի ակցիայով: Փակելով մայրուղին,
որտեղով պետք է անցներ համանախագահների մեքենաների շարասյունը, բողոքի ակցիայի մասնակիցները պահանջել են, մասնավորապես, Ջեյմս Ուորլիքից՝ լսել իրենց կարծիքները և հաշվի առնել դրանք:
Տեղի երիտասարդությունը բողոքի ցույց է անցկացրել «Մենք ենք այս հողի տերը»,
«Հարգեք մեր իրավունքները, մենք մեր որոշումը կայացրել ենք 1991 թվականին», «Ո'չ
միջազգային ուժերի տեղակայմանը» կարգախոսներով:
Հիշեցնենք նաև, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը մայիսի 7-ին Վաշինգտոնի Քարնեգի կենտրոնում իր զեկույցում, մասնավորապես, նշել էր, թե հակամարտության կարգավորումը ենթադրում է Լեռնային Ղարաբաղի վերջնականն իրավական կարգավիճակի որոշում` փոխհամաձայնեցված և իրավական ուժ ունեցող կամարտահայտման միջոցով Ղարաբաղում: Բացի այդ, նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի սահմաններում գտնվող տարածքում Լեռնային Ղարաբաղին պետք է տրվի միջանկյալ կարգավիճակ, որը, առնվազն, ապահովում է անվտանգության և ինքնակառավարման երաշխիքներ: Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը: Ադրբեջանի ինքնիշխանության նկատմամբ հարգանքի բացակայության պայմաններում կարգավորում չի կարող լինել, և Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումն այդ տարածքների նկատմամբ պետք է վերականգնվի: Պետք է լինի նաև միջանցք, որը կապի Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ: Այն պետք է բավարար լայնություն ունենա, որպեսզի անվտանգ անցում ապահովվի, բայց այն չի կարող ընդգրկել Լաչինի ողջ շրջանը: Բացի այդ, տևական կարգավորման համար պետք է ճանաչվի բոլոր տեղահանված անձանց և փախստականների` իրենց նախկին բնակավայր վերադառնալու իրավունքը: Եվ, վերջապես, կարգավորումը պետք է ապահովի անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն խաղաղապահ գործողություններ», - ասել էր համանախագահը: