Հայոց
ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկի` Ջեմալ Փաշայի թոռը` Հասան Փաշան,
իր հերթական հոդվածում շոշափել է Թուրքիայում հայերի, քրդերի և շիաների կյանքի
թեման, որոնք ստիպված են թաքցնել սեփական ինքնությունն ու ազգային պատկանելությունը:
Նա
ընդգծել է Թուրքիայում ազգայնականությունն ու «ցեղասպանություն» բառի կիրառման
արգելքն արմատախիլ անելու անհրաժեշտությունը: Իր հոդվածում Հասան Փաշան գրում է,
թե կգա օրը, երբ բոլորը ցավով կհիշեն այդ փոխադարձ ատելությունը, երբ սեփական հողերում կգտնվի «կորսված պատմությունը», և
հենց այն ժամանակ, նրա համոզմամբ, պատմությունը կդադարի բեռ լինել:
Հասան
Փաշան հիշատակում է իր ելույթը
Համահայկական բարեգործական միության Փարիզի գրասենյակում, որն սկսել էր հետևյալ
հարցով. «Դուք երբևէ ստիպված եղե՞լ եք թաքցնել ձեր ծագումը»:
«4 տարի
առաջ մահկանացուն կնքած լրագրող Իլհան Մելչուքն իր ողջ կյանքի ընթացքում թաքցրել է, որ մայրը հայ է: Նույն ճակատագրին է
արժանացել մեկ այլ թուրք լրագրող` Մեհմեթ Ալի Բիրանդը: Երբեք չեմ մոռանա, թե
ինչպես թուրք մտավորականության ներկայացուցիչը մեկ անգամ ասաց. «Քրդերը
Թուրքիայում տարիներ շարունակ փորձում են ապացուցել, որ իրենք գոյություն ունեն,
իսկ հայերը` որ իրենց սպանել են»: Ահա այսպիսին է թուրքական պետությունը», -
ասվում է Հասան Փաշայի հոդվածում, որում նա նաև օրինակներ է բերում, թե ինչպես
ինքն ստիպված է եղել բախվել բազմաթիվ բառերի և արտահայտությունների կիրառման
արգելքի, որոնցից մեկը «ցեղասպանություն» բառն էր: