Հայ  Рус  Eng
 Նորություններ


 Հինգշաբթի, 14 Հունվարի 2016

Ստեփանյան Դավիթ

Ալեքսանդր Իսկանդարյան. Արա Աբրահամյանը կարող է սանձել արկադիվարդանյանների նկատմամբ հայ հասարակության պահանջմունքը, սակայն հաղթել ընտրություններում` նա չի կարող

Ալեքսանդր Իսկանդարյան. Արա Աբրահամյանը կարող է սանձել արկադիվարդանյանների նկատմամբ հայ հասարակության պահանջմունքը, սակայն հաղթել ընտրություններում` նա չի կարող

 

Հանրաքվեի հաջող անցկացումից հետո, ինչը թույլ տվեց հանրապետականներին փաստացի ազատվել նախագահական ընտրությունների ինստիտուտից, իշխանություններին մնում է միայն հաջող անցկացնել 2017 թ. խորհրդարանական ընտրուրթյունները: Դա կարվի նույնքան հեշտությամբ, թե՞ կարող են որոշակի բարդություններ առաջանալ:

 

Չէի ասի, որ հանրապետականներին կհաջողվի 2017 թվականի մայիսին խորհրդարանական ընտրություններն անցկացնել նույնպիսի հեշտությամբ` ինչպես Սահմանադրության բարեփոխման հանրաքվեն: Մեր քաղաքացիները հանրաքվեն չեն ընկալում որպես ընտրություն, քանի որ Հայաստանում, ի դեպ, ինչպես նաև շատ այլ երկրներում, մարդիկ  ծրագրերով չեն մտածում, իսկ այնպիսի մարդիկ, որոնք, ընդհանրապես, դրանք կարդում ու հասկանում են, քիչ են: Մինչդեռ ընտրությունները` դա որոշակի մարդիկ են, որոնց մյուսներն ընկալում են: Հետևաբար, հանրաքվեն և ընտրությունները համեմատել չի կարելի: Ու նաև այդ պատճառով հանրապետականները բավականին հեշտությամբ անցկացրեցին սահմանադրական հանրաքվեն: Չափազանց կարևոր է, որ վերջին 2-3 տարում տարբեր մակարդակի բոլոր ընտրություններում կառավարող կուսակցությանը միշտ հաջողվել է ցուցադրել իր հնարավորությունները և հաղթել: Այդուհանդերձ, այդ հաղթանակները բնավ չեն եղել գաղափարախոսության հաղթանակներ մեկ այլ գաղափարախոսության նկատմամբ: Դրանք ապահովվել են իշխանությունների կողմից հայ հասարակության շրջանում գոյություն ունեցող պատերնալիզմի պահանջմունքի բավարարման միջոցով, որը երբեմն բնորոշվում է որպես կաշառք կամ նվեր: Իմ կարծիքով, դրանք բավականին կոպիտ տերմիններ են, քանի որ պատերնալիզմը Հայաստանում միշտ չէ, որ հանգեցվում է փողի: Դա կարող է լինել դեպի քո գյուղ կառուցված ճանապարհ, քո տան նոր դուռը, ուսուցիչների հետ խոսող դպրոցի տնօրենը և այլն: Չէ որ գաղափարախոսության բացակայությամբ տառապում է ոչ միայն ՀՀԿ-ն, հենց նույն Գագիկ Ծառուկյանի կուսակցության հաջողությունն ապահովվում էր նույն  գործիքներով: Այդպիսով, կարելի է համարձակ հետևություն անել, որ Հայաստանում գաղափարախոսություն ունեցող կուսակցությունները չեն հաղթում, ինչի վառ օրինակը ՀՀԿ-ն է: Եվ` ոչ միայն Հայաստանում, քանի որ դա համաշխարհային միտում է, պարզապես, հետխորհրդային տարածությունն ու Եվրոպան այդ ուղղությամբ ընթանում են տարբեր ծայրերից:  

 

Այսինքն, այնուամենայնիվ, Դուք գտնում եք, որ նման պայմաններում առաջիկա խորհրդարանական ընտրություններում հաղթանակի համար իշխանությանն ընդամենն անհրաժեշտ կլինի բավարարել մեր հասարակության շրջանում գոյություն ունեցող պատերնալիզմի պահանջմու՞նքը:

 

Նման պայմաններում և ռեժիմի օրոք հանրապետականները կարծում են, որ իրենք այսուհետև վախենալու բան չունեն, ինչն էլ, ըստ էության, դարձավ սահմանադրական հանրաքվեի պատճառներից մեկը: Եվ դա միանգամայն բնական է՝ հաշվի առնելով, որ հանրապետականները հաղթանակի համար հանրապետականներն ավելի շատ ոչ գաղափարական մեխանիզմներ ունեն` փող, վարչական ռեսուրսներ, մյուս փող ունեցողների վրա ազդելու հնարավորություններ, քան նրանց մրցակիցները: Այս ֆոնին դեգրադացվող ընդդիմությունը կորցրել է ընտրազանգվածի վրա փոքրիշատե լուրջ ազդեցության հնարավորւոթյունը: Մարդկանց ձանձրացրել են նույն դեմքերը, որոնք 25 տարի հեռուստացույցով միևնույն բանն են ասում: Նրանք, պարզապես, արդեն չեն հավատում, որ այդ անձինք ի զորու են իշխանափոխություն իրագործել: Ելնելով դրանից` իմ կարծիքով, հանրապետականների համար այնքան էլ դժվար չի լինի հաղթել խորհրդարանական ընտրություններում: Մինչև 2017 թվականի մայիսին Հայաստանում նախատեսվող խորհրդարանական ընտրությունները մնացել է մեկ տարուց ավելի, և այդ ընթացքում, ամենայն հավանականությամբ, կձևավորվի հերթական նոր քաղաքական ուժ: Ես դա անվանում են Արկադի Վարդանյանի ֆենոմեն, քանի որ յուրաքանչյուր  ընտրության ժամանակ փչվում է փուչիկ, որը հետո պայթում է, սակայն նա երբեք հաջողություն չի ունենում:

 

Արա Աբրահամյանը հերթական փուչի՞կն է:

 

Կարևոր չէ, թե արդյոք այդ փուչիկը կլինի Արա Աբրահամյանը կամ մեկ ուրիշը: Կարևորն այն է, որ այդ անվերջ արաաբրահամյանների, գագիկծառուկյանների, րաֆֆիհովհաննիսյանների ի հայտ գալն արտացոլում է քաղաքական դաշտում որևէ ուրիշին տեսնելու Հայաստանի բնակչության պահանջմունքը: Եթե Արա Աբրահամյանին օգնեն, ապա նա կարող է սանձել այդ պահանջմունքը, սակայն հաղթել ընտրություններում` նա չի կարող: 

 

Դա բնակչության պահանջմունքն է, թե՞, այնուամենայնիվ, հանրապետականների:

 

Դա բնակչության պահանջմունքն է, որին ձանձրացրել են հանրապետականները: Հայաստանի իշխանությունն ուժեղ է ոչ այն պատճառով, որ լեգիտիմ է, այլ` որովհետև այլընտրանք չկա: Հետևաբար, նման իրավիճակում հասարակությունն ունի պահանջմունք, որը փորձում են բավարարել ամեն տեսակի արկադիվարդանյաններ, ինչը նրանց երբեմն հաջողվում է: Սակայն նրանց երբեք չի հաջողվի գալ իշխանության, քանի որ մեկանգամյա ընտրական մեխանիզմները չեն կարող աշխատել: Իշխանափոխության համար հարկավոր է միանգամայն այլ սխեմա:

 

Ընդդիմության շրջանում բավական խելացի մարդիկ կան: Մի՞թե այդ սխեման հայտնի չէ իրենց: Ի՞նչն է խանգարում նրանց կիրառել այն:

 

Հայաստանում իշխանափոխության իրական սխեմայի շուրջ աշխատել ընդդիմադիրներին խանգարում է նրանց բավական հարմարավետ գոյատևությունը: Նույնը վերաբերում է հանրապետականներին, ովքեր կոպիտ ձևով հեռացրեցին Գագիկ Ծառուկյանին՝ կատարյալ ընտրական վակուումում աշխատելու նպատակով: Քաղաքականությունն ամենօրյա ծանր աշխատանք է: Այն ուղղված է ֆինանսների որոնմանը, փորձագիտական բազայի ապահովմանը, մարդկանց ներգրավմանը, հերարխիայի և համակարգերի կառուցմանը: Չեն լինում կուսակցություններ, որոնք աշխատում են միայն Օպերայի շենքի շուրջը, անհրաժեշտ է ակտիվորեն աշխատել մարդկանց հետ գյուղերում: Եվ մեր ընդդիմադիրներին պետք չէ զբաղվել այդ ծանր, ձանձրալի աշխատանքով: Շատ ավելի հարմարավետ է նստել և պարզապես զբաղեցնել ընդդիմության տեղը: Ասել, որ կոռուպցիան վատ է, իսկ ազնիվ լինելը՝ լավ, առանձնապես էներգիա չի պահանջում, կարևորը՝ հարմարավետ գոյատևության ապահովումն է:

 

Եվ շատ լավ հասկանալով դա՝ իշխանությունն ինքն է ընդդիմության համար ապահովում այդ հարմարավետ գոյությունը

 

Անշուշտ: 2008 թվականին, երբ ընդդիմությունը լուրջ վտանգ էր ներկայացնում իշխանության համար, ՀՀ խորհրդարանը գրեթե միակուսակցական էր: Իսկ երբ պարզ դարձավ, որ այդ մարդիկ կարող ենք որքան ասես հիստերիա բարձրացնել խորհրդարանում՝ միաժամանակ չխանգարելով հանրապետականներին բաշխել տնտեսական և քաղաքական սեգմենտները, նրանք խորհրդարանում հայտնվեցին: Եվ այսօր ոմանք հիստերիա են բարձրացնում խորհրդարանում, ոմանք՝ սեգմենտներ բաշխում: Բոլորը գոհ են՝ կատարելով իրենց առաքելությունը:

 

Ձեր խոսքերից ստացվում է, որ այսօր իշխանության համար որևէ սպառնալիք չկա…

 

Իրականում այն կա: Աթոռը մեկ ոտքի վրա դնել՝ նախապես կոտրելով մնացած ոտքերը, արդեն վտանգ է ներկայացնում իշխանության համար: Եվ կարծիքը, թե կարելի է հավերժ կանգնած մնալ մեկ ոտքի վրա, արմատապես սխալ է: Իշխանության չափազանց ցածր լեգիտիմության պայմաններում  քաղաքականության դուրսմղումը քաղաքականությունից հանգեցնում է տարատեսակ խնդիրների: Հետևանքներից մեկը մի շարք փողոցային շարժումներն են Հայաստանում:  Հայաստանում քաղաքական իրական ընդդիմության պահանջարկ կա, սակայն չկա առաջարկ, որը կարող է այն բավարարել: Արդյունքում ընդդիմադիրների տեղն զբաղեցնում են անփորձ երիտասարդները: Երբ ամռանը քաղաքական գործիչները Բաղրամյան պողոտա եկան և առաջարկեցին բողոքի դուրս եկած երիտասարդներին գլխավորել նրանց շարժումը՝ նրանց պարզապես գրողի ծոցն ուղարկեցին: Ցանկացած մարդու այսօր պարզ է, որ հենց բողոքական շարժումը քաղաքական գործիչ գլխավորի, մարդիկ ոչ թե կշատանան, այլ՝ կպակասեն: Ընդդիմության վարկանիշը խիստ ցածր է, իսկ երիտասարդ տղաներն ու աղջիկները փակում են փողոցները՝ ավելի շատ մարդ հավաքելով, քան քաղաքական գործիչները: Եվ նման իրավիճակը չափազանց ռիսկային է: 

 

Ինչո՞վ:

 

Հայաստանում վերջերս տեղի ունեցավ Շանթ Հարությունյանի խռովությունը, ինչը ատելության իռացիոնալ պոռթկում էր՝ զուրկ լուրջ քաղաքական նպատակից, լուրջ հիմնավորումներից: Այնուհետ նախապատրաստվեց ահաբեկչական գործողություն, բայց ԱԱԾ-ն հայտնաբերեց և վնասազերծեց հանցախմբին: Եվ երկու ալիքներն էլ լրջորեն ցույց տվեցին հասարակության բևեռացման, հասարակությունից իշխանության օտարացման ծայրահեղ աստիճանը: Շատ հետաքրքրիր էր նաև մեր հասարակության արձագանքն այդ առնչությամբ: Հասարակությունը նույնիսկ չհավատաց իշխանությանը՝ ասելով՝ ՙինքներդ եք այդ ամենը կազմակերպել, իսկ եթե չեք կազմակերպել, նրանք ճիշտ են վարվել՝ ահաբեկչություն կազմակերպելով՚: Իշխանությունն, իհարկե, վաղուց վարժվել է, որ իրեն չեն սիրում: Եվ իրավիճակը որպես նորմա է ընկալում, որում կարելի է գործել: Վախենամ, որ դա հավերժ չէ: Մեկ ոտքով աթոռի անկայունությունն էլ վտանգ է ներկայացնում իշխանությունների համար: Այդ վտանգին դիմակայել հնարավոր է միայն իրական ընդդիմությամբ, բայց այն չկա: Իշխանությունը հասկանում է դա, ինչն արտացոլվեց վերջին հանրաքվեի ժամանակ: Նրանք գտնում են, որ կառավարման 100% խորհրդարանական համակարգն ավելի կայուն կլինի, և կարծում եմ, պատրաստվում են քաղաքական կուսակցություններ հորինել, որոնք կհայտնվեն 2017 թ. խորհրդարանում: Սակայն, քաղաքական համակարգի իրական կայունության համար հարկավոր են իրական, այլ ոչ թե՝ հորինված քաղաքական կուսակցություններ:

 

Ցանկացած ներքին անկայունության առաջացման դեպքում իշխանությունը վկայակոչում է ղարաբաղյան խնդրի առկայությունը: Կարո՞ղ է արդյոք օգտագործվել այդ գործոնը, եթե իշխանությունը զգա, որ աթոռի ոտքն ուր որ է կկոտրվի:

 

Այսօր նման հեռանկար չի դիտվում: Ոտքը դեռ պահում է աթոռը, իսկ իշխանությունը գտնում է, որ այն դեռ երկար կանգուն կմնա: Ընդհանուր առմամբ Ադրբեջանի հետ ղարաբաղյան խնդրում Երևանի և Ստեփանակերտի փոխգործակցության տրամաբանությունն ուղղված է ստատուս-քվոյի պահպանմանը: Եվ նոր հակամարտություն հրահրելն այս իրավիճակում տրամաբանական չէր լինի: Չեմ կարծում, թե ղարաբաղյան հարցն իրականում օգտագործվում է Հայաստանի ներքաղաքական պայքարում: Այո, դրա մասին հաճախ են հիշատակում, բայց ընդհանուր առմամբ Ղարաբաղի առնչությամբ Հայաստանում իրական փոխհամաձայնություն կա:

 

Իսկ արդյո՞ք նման փոխհամաձայնություն կա Ադրբեջանում՝ հատկապես նոր ագրեսիայի Ալիևի կոչերի և սրընթաց վատթարացող սոցիալ-տնտեսական իրավիճակի պայմաններում:

 

Նոր պատերազմի համար Ալիևին հսկայական ֆինանսական ռեզերվներ կպահանջվեն, քանի որ, պարզ է, որ Ադրբեջանի ֆինանսական մուտքերը կավարտվեն պատերազմի առաջին իսկ րոպեներից: Պարզ է նաև, որ երբ պատերազմի առաջին իսկ օրը Բաքվում մի քանի հարյուր հազար փախստական հայտնվի, ալիևյան ռեժիմը կոլապսի կենթարկվի:

 

Պատերազմն ապրիորի չի կարող Ադրբեջանին նույն արդյունքները բերել, որոնք վերջինս ակնկալում է: Քանի որ Բաքվի համար իրապես ձեռնտու միակ սցենարը բլիցկրիգն է՝ ոչ մեծ կորուստներով դուրս գալ Հայաստանի սահման և հաղթել մի քանի օրվա ընթացքում: Բոլորը հասկանում են, որ երկար պատերազմել թույլ չեն տա, պատերազմը կդադարեցնեն:

2008 թ. Սահակաշվիլին հաղթանակի ոչ մեծ, չափազանց ռիսկային շանս, այնուամենայնիվ, ուներ, Ալիևը՝ այն չունի: Պատճառը պարզ է և առաջին հերթին Հարավային Օսիայի ու Լեռնային Ղարաբաղի աշխարհագրության, ռելիեֆի և ռազմական ռեսուրսների մեջ է կայանում: Իր համար լավագույն դեպքում Ադրբեջանը կարող է հասնել մինչև Հայաստանի սահմանը՝ իր ողջ բանակի կորստի գնով: Այդ իսկ պատճառով Բաքվի համար ռացիոնալ պատերազմ սկսելը շարունակում է անհնար մնալ: Ցավոք, նույնը չեմ կարող ասել սահմանին փոխհրաձգությունների մասին, քանի որ Բաքվի ռեժիմի համար մի քանի  տասնյակ զինվորների, հարյուրավոր արկերի և հազարավոր գնդակների կորուստը ոչինչ է: Կարևորը, որ ադրբեջանցի զինվորների դիակները չհայտնվեն հեռուստացույցների էկրանին, ինչը ռեժիմին առայժմ հաջողվում է:Չանել դա նրանք չեն կարող, պետք է չէ միջազգային հանրությանը, սեփական հասարակությանը ցույց տալ չկարգավորված ղարաբաղյան հակամարտության առկայությունը: Այդ պատճառով վախենում եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին և ղարաբաղյան շփման գծում գնդակոծությունները և դիվերսիաները դադարեցնելը շատ դժվար կլինի:

 

Ի՞նչ ժամանակահատվածի համար կարող եք կանխատեսել Ղարաբաղի շուրջ լայնամասշտաբ մարտական գործողությունների բացակայությունը:

 

Ֆորս-մաժորների բացակայության դեպքում Լեռնային Ղարաբաղի շուրջ ստատուս-քվոն և հարաբերական խաղաղությունը կպահպանվի առնվազն 5-7 տարի: Կարող է տեղի ունենալ փոխհրաձգությունների ակտիվացում՝ նոր զինատեսակների ներգրավմամբ, ինչը, ըստ երևույթին, արդեմ տեղի է ունենում, բայց եթե Բաքվում իշխանության ղեկին մնա գոյություն ունեցող ռեժիմը, ինչը հեռու չէ ճշմարտությունից, պատերազմի հավանականությունը շատ ցածր կմնա:

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեկնաբանություւներ չկան

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
4205
 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի