Երևանում շարունակվում են հասարակական տրանսպորտի վարձավճարը 50%-ով բարձրացնելուն դեմ ակցիաները:
Ինչպես դեպքի վայրից հաղորդում է ԱրմԻնֆո գործակալության թղթակիցը, բազմահազարանոց ակցիայի մասնակիցները Մաշտոցի պուրակից երթով, պաստառներով ու թմբուկներով ուղղվեցին դեպի Հանրապետության Հրապարակ: Երթին մասնակցում են նաև ավտոմեքենաների վարորդներ, ովքեր ազդանշաններ են տալիս և բացականչում տարբեր կոչեր: Ակցիային են միացել նաև հեծանվորդներ, ովքեր տանում են ՙԿվճարենք 100 դրամ՚ բովանդակությամբ պաստառներ:
Իսկ ՙFree car՚ ակցիայի մասնակիցները դեռ չեն միացել երթի մասնակիցներին, քանի որ առայժմ շարունակում են իրականացնել քաղաքացիներին տարբեր ուղղություններով տեղափոխությունները:
Նշենք, որ Երևանում հասարակական տրանսպորտի վարձավճարը 50%-ով բարձրացնելուն դեմ ակցիաներն սկսվեցին հուլիսի 20-ին, 15-20 երիտասարդների կողմից: Ակցիային արդեն միացել է մոտ 1000 քաղաքացի, այդ թվում երթուղայինների և ավտոբուսների վարորդներ: Հուլիսի 24-ին տրոլեյբուսների վարորդները, ինչպես նաև մի շարք երթուղիների վարորդներ, հայտարարեցին գործադուլ, ընդ որում` նաև Տարոն Մարգարյանի տան մոտ: Երևանի ակտիվիստներին իրենց համերաշխությունն են արտահայտել նաև վանաձորցիները: Գործարկվել է Freecar.am կայքը, որին պաշտոնապես միացել են ավելի քան 10 ավտոմեքենաներ, իսկ իրենց սեփական ավտոմեքենաներով, ինչպես նաև տաքսիներով, քաղաքացիներին անվճար տեղափոխում են ավելի քան 100 վարորդներ: