«Անելիք Բանկ»
ՓԲԸ-ի աշխատակիցները քեսաբահայերին
աջակցելու նպատակով միացել են Ջինիշյան հիշատակի հիմնադրամի կազմակերպած դրամահավաքին:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի
մամուլի ծառայությունից,
այս հայրենանվեր և ազնիվ նախաձեռնությունն առավել
հասանելի դարձնելու համար Բանկում բացվել է հատուկ հաշվեհամար, որտեղ
կատարվելու են փոխանցումները, և յուրաքանչյուր աշխատակից, առաջնորդվելով Բանկի
որդեգրած սոցիալական պատասխանատվության սկզբունքով, կարող է մասնակից դառնալ
քեսաբահայ մեր հայրենակիցներին օգնություն ցուցաբերելու կարևոր գործընթացին:
Աղբյուրի համաձայն, «Հայաստանի պատմության ողջ ընթացքում
Սփյուռքը մշտապես եղել է նրա կողքին և այժմ մեր հերթն է ցուցաբերել անհրաժեշտ
աջակցությունը կարիքի մեջ գտնվող մեր հայրենակիցներին: Տվյալ նախաձեռնության մեջ
կարևորը ոչ միայն նյութական, այլ բարոյական կողմն է, քանի որ յուրաքանչյուր օգնություն,
որը կտրամադրեն հայաստանցիները Սիրիայում գտնվող մեր հայրենակիցներին, վերջիններիս
համար կլինի նաև որպես բարոյական աջակցություն»,- ասել է «Անելիք Բանկ» ՓԲԸ PR
պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը:
Նշենք, որ Ջինիշյան հիշատակի հիմնադրամը մասնաճյուղ ունի
Սիրիայում և կարող է արագ իրականացնել բոլոր կազմակերպչական աշխատանքները, Բանկի
աշխատակիցների կողմից նվիրաբերած գումարը քեսաբահայերին հասցնելու և նրանց
համապատասխան այլ ծառայություններ մատուցելու համար:
Նշենք, որ Անելիք բանկի միանձնյա բաժնետերն է լիբանանյան
Credit Bank S.A.L բանկը, որը 2013 թվականի 4-րդ եռամսյակում իր բաժնեմասը բանկի
կապիտալում 89.95%-ից հասցրեց մինչև 100%-ի: Բանկն աշխատում է դրամական
փոխանցումների իր հետ փոխկապակցված Anelik համակարգի, ինչպես նաև MoneyGram и Intel Express համակարգերի հետ:
Բանկն ունի 12 մասնաճյուղ, որից 6-ը` Երևանում: