Ապրիլի 19-ին Բնապահպանության նախարարությունում տեղի են ունեցել ՙՇրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին՚ ՀՀ օրենքի 10 հոդվածով սահմանված կարգով ՙՄեգո Գոլդ՚ ՍՊԸ-ի կողմից ներկայացված Թուխմանուկի ոսկու հարստացուցիչ ֆաբրիկայի երրորդ պոչամբարի նախագծի մասնագիտական լսումները: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին Բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունից, լսումների արդյունքում նախարար Արամ Հարությունյանը հանձնարարել է հաջորդ շաբաթվա ընթացքում՝ ամենասեղմ ժամկետներում, գրավոր ներկայացնել բոլոր առաջարկություններն ու կարծիքները, որից հետո կտրվի համապատասխան եզրակացություն:
Պոչամբարի կառուցմանն առնչվող ՙՄեգո Գոլդ՚ ընկերության ծրագրերն արդեն մի քանի ամիս դժգոհություն են հարուցել բնապահպանների շրջանում: Այսպես, ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում բնապահպան Քնարիկ Հովհաննիսյանը նշել է, որ հանքավայրը գտնվում է Մելիք գյուղի անմիջական հարևանությամբ: Նրա ասելով, երկու պոչամբարներից թունավոր ջրերը լցվում են Գետիկ գետը, որը ոռոգման միակ աղբյուրն է գյուղացիների համար: Արդյունքում` աղտոտված ջրով ոռոգումից հետո պտղատու ծառերը չորանում են, իսկ կարտոֆիլի բերքն զգալիորեն նվազել է:
Վտանգավոր է այն հանգամանքը, որ Գետիկը թափվում է Խալավարի ջրամբարը, իսկ այնտեղից աղտոտված ջրերը ներթափանցում են Ապարանի ջրամբար: Դրանք երկուսն էլ օգտագործվում են ոռոգման նպատակով, այդպիսով, կարող են վտանգվել հարյուրավոր հեկտար պտղատու հողեր, և, հետևաբար, այնտեղ աճեցվող գյուղմթերքը:
ՙՀայաստանի կանաչների միություն՚ ՀԿ նախագահ Հակոբ Սանասարյանն իր հերթին նշել է, որ հանքավայրի մշակումը վտանգավոր է ոչ միայն Մելիք գյուղի, այլև ողջ Արարատյան հարթավայրի համար: Պոչերը ներառում են ծանր մետաղներ, որոնք ոռոգման համակարգով ներթափանցում են գյուղմթերքի մեջ: Փորձագետը նաև նշել է, որ լեռնահանքային թափոնները և պոչերը կարող են հանգեցնել հողերի դեգրադացման, իսկ ծանր մետաղների ներթափանցումը այդ հողերի վրա աճեցվող մշակաբույսերի մեջ կարող է վտանգավոր լինել նաև մարդու համար, քանի որ դա հարուցում է տարբեր հիվանդություններ և իմունային համակարգի խախտում:
Հիշեցնենք, որ հունվարի 25-ին Հասարակական էկոլոգիական դաշինքը և ՙՀայաստանի կանաչների միությունը՚ բաց նամակ էին հղել Global Gold Mining ղեկավար Վան Կրիկորյանին` պահանջելով դադարեցնել GGM գործունեությունը Հայաստնում` մինչև Թուխմանուկ հանքավայրի մշակման պատճառած տնտեսական վնասի գնահատումն ու փոխհատուցումը:
Ավելի վաղ ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում Global Gold Mining ընկերության Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Աշոտ Պողոսյանը նշել էր, որ բոլոր առաջ քաշված մեղադրանքներն անհիմն են: Նրա ասելով, Թուխմանուկ հանքավայրի տարածքում և դրա շրջակայքում իրականացվում է մշտական էկոլոգիական դիտարկում` անկախ փորձագետների մասնակցությամբ: