ԵՄ կողմից GSP+ առևտրային արտոնությունների վերանայման կանխատեսումներն ընդամենը տեսակետ են, փետրվարի 26-ին Երևանում հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան`պատասխանելով ԵՄ կողմից GSP+ առևտրային արտոնությունների հնարավոր վերանայման վերաբերյալ ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերը:
ՙՀայաստանը վերջերս է դարձել այդ առևտրային գործիքի շահառու, և բոլոր երկրները, որոնք շահառու են այդ համակարգին, այդ ձևաչափի շրջանակներում համագործակցության տարբեր ձևեր են փնտրում: Ինչպես ցանկացած մեխանիզմ, GSP+-ին Հայաստանի մասնակցությունն ունենալու է իր մեկնարկը և իրականացման ընթացքը, որը ենթարկվելու է մոնիտորինգի՚,- եզրափակել է Հրիստեան:
Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցում նշել էր, որ, ամենայն հավանականությամբ, Եվրամիությունը Հայաստանի հետ առևտրում կվերանայի արտոնությունների համակարգը (GSP+), ինչի մասին արդեն ակնարկում են ԵՄ երկրների դեսպանները: Հարցեր կառաջանան նաև ԱՀԿ շրջանակներում արդեն պայմանավորված մաքսատուրքերի փոփոխության վերաբերյալ, ինչից դժվար թե հաջողվի խուսափել: ՙԴա կբերի մեր ապրանքների նկատմամբ պատասխան միջոցների կիրառմանը: Թե ինչպես դա կազդի Հայաստանի տնտեսության և մեր երկրի երկարաժամկետ ներդրումային գրավչության վրա՝ դժվար է գնահատել՚, - հայտարարել է Քոչարյանը: