Ոստիկանությունը կենդանի, շարժվող օրգանիզմ է, և այնտեղ տեղի ունեցող գործընթացները, կադրային փոխատեղումներն ուղղված են վերջինիս աշխատանքի բարելավմանը: Այդ մասին ապրիլի 16-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
Այս համատեքստում Գասպարյանը նշել է, որ պետք չէ զարմանալ երեկ իր կայացրած որոշումից, ըստ որի՝ պաշտոնանկ արվեց Երևանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը: Նրա խոսքով, որևէ սենսացիոն բան դրանում չկա, հատկապես, եթե հաշվի առնենք այն փաստը, որ կադրային փոխատեղումներ ոստիկանությունում տեղի են ունեցել պարբերաբար`ոստիկանապետի պաշտոնում իր նշանակման պահից ի վեր:
Հարցին, թե Ներսիկ Նազարյանի պաշտոնանկությունը կապ ունի արդյոք ապրիլի 9-ի իրադարձությունների հետ, քանի որ վերջինս չի կարողացել կանխել սադրանքները, ՀՀ ոստիկանապետը պատասխանել է. ՙԱռանց Տիրոջ կամքի, նույնիսկ ծառից տերև չի ընկնում՚: