ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզայի` ղարաբաղյան հակամարտության կարգավորման և հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացների միջև փոխկապակցվածության մասին հայտարարությունը կրկին ապացուցում է, որ Բրայզան առաջ է տանում ոչ թե ԱՄՆ, այլ Ադրբեջանի շահերը: ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում նման կարծիք է արտահայտել ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը: Նրա խոսքերով, հատկապես այս պատճառով էլ ԱՄՆ Սենատը Բրայզային կրկին անգամ չնշանակեց Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: Սահակյանը նաև հիշեցրել է Բրայազյի խոսքերը, երբ նա հանդիսանում էր Պետդեպարտամենտի աշխատակից. ՙԱյն ժամանակ Բրայզան ասում էր, որ այս երկու գործընթացները փոխկապակցված չեն՚:
ՀՀԿ խմբակցության քարտուղարը նաև տարօրինակ է համարում այն փաստը, որ Բրայզան իր ելույթում հույս է հայտնում, ոչ թե այն կապակցությամբ, որ նախագահական ընտրությունները Ադրբեջանում կանցնեն միջազգային ստանդարտներին համապատասխան, այլ` որ կարժանան դիտորդների դրական գնահատականին: ՙԱդրբեջանի ղեկավարության հետ միասին Բրայզան հեռու է իրականությունից ու չի պատկերացնում տեղի ունեցող գործընթացների իսկական էությունը՚,-նշել է պատգամավորը:
Նշենք, որ իր վերջերս կատարած հայտարարության մեջ Մ.Բրայզան, մասնավորապես, հայտարարել էր, հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման և ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացները փոխկապակցված են, և այդ գործընթացներից մեկում տեղի ունեցած առաջընթացը կդիտվի նաև մյուսում: