Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել հայկական տարածքում ադրբեջանցի դիվերսանտների ձերբակալման առնչությամբ:
Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, ԱՀ ՊՆ հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հավաստումները, թե ադրբեջանական բանակը տարբեր դիվերսիաներ է իրականացնում`տեղանքին ծանոթ հանցավոր տարրեր ներգրավելով դիվերսիոն-հետախուզական խմբերում, անհիմն են:
Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը հավաստում է, որ տարածքները, որտեղ հայտնաբերվել են դիվերսանտները, իբր իրենց տարածքներն են, և ոչ ոք չի կարող արգելել ադրբեջանցիներին գտնվել և ազատ տեղաշարժվել այդ տարածքներում, և այդ անձինք պետական սահմանը չեն խախտել:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն առիթը բաց չի թողել կրկին անհիմն կերպով Հայաստանի ղեկավարությանը և Սեյրան Օհանյանին ագրեսոր կոչելու:
ՙԱդրբեջանի զինված ուժերն ունեն բոլոր հնարավորությունները՝ կատարելու ցանկացած ռազմական առաջադրանք կամ գործողություն՝ առանց քաղաքացիական անձանց ներգրավելու՚,- ասվում է ՊՆ հայտարարության մեջ:
Նշենք, որ անցած շաբաթ հակառակորդը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը Քարվաճառի ուղղությամբ: Հայկական զինված ուժերի օպերատիվ գործողությունների հետևանքով ադրբեջանական կողմից կան գերի ընկածներ և զոհվածներ: ԼՂՀ Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել ադրբեջանցի դիվերսանտներ Շահբազ Ջալալ օղլի Գուլիևի և Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովի նկատմամբ` պետական սահմանն ապօրինի հատելու հետ կապված: