Հոկտեմբերի 26-ին ավարտվեց «Բաց Խաղ» համակարգչային
խաղերի և բջջային հավելվածների նախագծման չորրորդ առաջնությունը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերության
մամուլի ծառայությունից, այս տարի
«Լավագույն խաղ» անվանակարգում հաղթող ճանաչվեց Հենրիկ Հակոբյանի ներկայացրած
«Choppy Fish» խաղը:
Շուտով այն
հասանելի կլինի շուկայում, իսկ մինչ այդ՝ այս անվանակարգի հատուկ մրցանակի
շրջանակներում Հենրիկը կմասնակցի տեսախաղերի ոլորտում կազմակերպվող աշխարհի
առաջատար Casual Connect համաժողովին, որն այս տարի կանցկացվի Բելգրադում, և
կներկայացնի իր խաղը Indie Prize մրցույթ-ցուցադրությանը: «Choppy Fish» խաղը
հաղթող է ճանաչվել նաև «Լավագույն Game Play» անվանակարգում՝ արժանանալով 200,000
դրամ դրամական պարգևի:
Orange-ի կողմից
սահմանված հատուկ մրցանակը հանձնվեց Օրանժ Արմենիայի մասնագետների և Ֆրանսիայից
հրավիրված՝ Orange Խումբը ներկայացնող ժյուրիի անդամի կողմից ընտրված IpricoT
թիմին՝ «Angry Virus Run» խաղի համար: Խաղի հեղինակ Հարություն Ամիրխանյանն այժմ
կունենա Ֆրանսիայում Orange Խմբի հավելվածների ստեղծման ստորաբաժանումներից մեկում
3 ամիս ժամկետով վարձատրվող վերապատրաստում անցնելու բացառիկ հնարավորություն:
Հատուկ մրցանակ շնորհելուց բացի՝ Orange-ը կաջակցի նաև ընտրված մի քանի խաղերի,
ներառյալ «Angry Virus Run» խաղի
տարածմանը՝ իր «My Orange» բջջային հավելվածի միջոցով:
«Լավագույն
դիզայն» անվանակարգում հաղթող ճանաչվեց Ժենյա Կարապետյանը` իր գունագեղ «Paint In»
խաղով: Նշված անվանակարգի համար սահմանված մրցանակը կազմել է 200,000 դրամ: «Paint
In» խաղը ևս կտեղադրվի «My Orange» բջջային հավելվածի «Խորհուրդ տրվող
հավելվածներ» բաժնում:
«Լավագույն
տեխնոլոգիական լուծում» անվանակարգում 200,000 դրամ դրամական պարգևը շնորհվեց
«Good Job» թիմին՝ «Lazy Monkeys» խաղի համար: Արմեն Մովսիսյանի հեղինակած «Little
Leo» խաղը հաղթող ճանաչվեց «Լավագույն 3D լուծում» անվանակարգում: Հեղինակն
արժանացավ 250,000 դրամ դրամական պարգևի:
« Պատանիների
առաջնություն- Junior» անվանակարգում 200,000 դրամ դրամական պարգևը շնորհվեց
Վազգեն Հովհաննիսյանին՝ «Rockin&Rollin» խաղի համար:
«Բաց Խաղ»
առաջնության ցուցահանդեսի այցելուները նաև հնարավորություն ունեցան խրախուսելու
մրցույթի մասնակիցներին՝ քվեարկելով իրենց նախընտրած խաղի օգտին: «Ժողովրդական
մրցանակ» անվանակարգի հաղթող ճանաչվեց AVAZ թիմն իր «Skydream» խաղով, որն իրենից
ներկայացնում էր ինքնաթիռի թռիչքի սիմուլյատոր: Խաղի հեղինակներն արժանացան 50,000
դրամ դրամական պարգևի:
Մնացած անվանակարգերում
հաղթողներ չընտրվեցին ժյուրիի կողմից, սակայն, առաջնության անցկացման պայմանների
համաձայն՝ առավել հետաքրքիր լուծումների հեղինակներն արժանացան խրախուսական
մրցանակների: Ժյուրիի կողմից խրախուսական մրցանակներ հանձնվեցին AVAZ թիմին «Skydream» (150,000 դրամ), Conto թիմին`
«White Light» (70,000 դրամ), Monopoly Time թիմին` «Monopoly Time» (70,000
դրամ), Գագիկ Խաչատրյանին` «Zdefendor» (60,000 դրամ) և «Շողեր» թիմի`
«ScaryMazeBegins» (SMB) (30,000 դրամ) խաղերի համար:
Այս տարի
առաջնությունը նշանավորվեց մասնակիցների լայն աշխարհագրությամբ. առաջնության
երևանաբնակ մասնակիցներին այս տարի նաև միացել էին մասնակիցներ Լոռու, Արարատի և
Արմավիրի մարզերից՝ ներկայացնելու իրենց հեղինակած խաղերը, մասնակցելու մրցույթին,
սովորելու նոր նախագծերի վրա աշխատելու, ինչպես նաև գործընկերների և պոտենցիալ
ներդրողների հետ հաղորդակցվելու հմտություններ:
Հիշեցնենք, որ
«Բաց Խաղ» համակարգչային խաղերի և բջջային հավելվածների նախագծման առաջնությունն
անցկացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և Օրանժ
Արմենիա ընկերության կողմից 2011թ.-ից ի վեր: Որպես գլխավոր հովանավոր՝ այս տարի
նախաձեռնությանը միացել է նաև «SoftConstruct» ընկերությունը: Առաջնության նպատակն
է զարգացնել համակարգչային խաղերի նախագծման ոլորտը Հայաստանում, ինչը
հնարավորություն կտա ստեղծել տեխնոլոգիական բիզնեսի նոր ուղղություն, բացահայտել
նոր տաղանդներ և խրախուսել երիտասարդներին:
Առաջնության
նկարները հասանելի են Օրանժ
Արմենիայի ֆեյսբուքյան էջում: