Հունիսի 11-ին Երևանում մեկնարկել է «Սատարման երթ» ակցիան, որը կազմակերպել է «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը: Ակցիայի մասնակիցները սատարում են այն աշխատողներին, որոնց վրա գործատուները ճնշումներ են իրականացնում, չընդունելով կուտակային կենսաթոշակային համակարգից հրաժարվելու վերաբերյալ նրանց դիմումները: Ակցիան ուղեկցվում է «Ոչ թալանին», «Մենք ենք մեր երկրի տերերը» բացականչություններով:
Ինչպես նշել է նախաձեռնության մասնակից Դավիթ Մանուկյանը, ճնշումները
հիմնականում իրականացվում են պետական հիմնարկությունների աշխատակիցների վրա:
Դրանք, մասնավորապես, մանկավարժներն են, ինչպես նաև առողջապահության ոլորտի
աշխատողները: Իրենց բողոքն արտահայտելու նպատակով ակցիայի մասնակիցներն առաջին
հերթին ուղղվել են դեպի Երևանի Մ.Հերացու անվան բժշկական համալսարանի շենք:
«Երկրում ստեղծվել է երկակի իրավիճակ, մի կողմից կառավարությւոնն
ընդունում է կենսաթոշակային համակարգի վերաբերյալ որոշումներ, իսկ մյուս կողմից`
անում է ամեն ինչ, որպեսզի քաղաքացիները չկարողանան պաշտպանել իրենց շահերը»,-նշել
է Մանուկյանը: Նրա խոսքով, քիչ չեն դեպքերը, երբ գործատուները հրաժարվում են
ընդունել կուտակային կենսաթոշակային համակարգից հրաժարվելու վերաբերյալ իրենց
աշխատակիցների դիմումները, սպառնալով, որ կազատեն աշխատանքից:
«Մեր ակցիայով ցանկանում ենք ցույց տալ, որ մենք նրանց կողքին ենք, ով
վախենում է ասել բողոքի իր խոսքը: Այսօր գործատուները չպետք է հանդես գալ
ֆեոդալների, իսկ աշխատակիցները` վասալների դերերում: Միասին մենք
կհաղթենք»,-ընդգծել է ակտիվիստը:
Ինչպես և նախատեսվել էր, ակցիայի մասնակիցները շարժվել են Աբովյան
փողոցով, դեպի Հանրապետության Հրապարակ, որտեղ էլ կավարտվի ակցիան:
Նշենք, որ կենսաթոշակային
կուտակային կամավոր համակարգը
Հայաստանում ներդրվեց 2011 թվականի հունվարի 1-ից, իսկ 2014 թվականի հունվարի 1-ից
ներդրվեց նաև պարտադիր բաղադրիչը: Համակարգի մասնակիցները կլինեն 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված
Հայաստանի քաղաքացիները (մինչև 40 տարեկան բոլոր անձինք):
Նշենք նաև, որ ՀՀ Սահմանադրական դատարանը հունվարի 24-ին կասեցրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի որոշ կետերի գործողությունը, մինչև օրենքի 8 հոդվածների սահմանադրության հետ համապատասխանության հարցի քննարկման ավարտը: Մասնավորապես, կասեցվեց օրենքի 76 հոդվածի գործողությունը, որով պատասխանատվության միջոցներ էին նախատեսվում կենսաթոշակային վճարների չկատարման կամ ուշացման համար, ինչպես նաև 86 հոդվածի երրորդ մասի գործողությունը, որի համաձայն, կենսաթոշակային կուտակային պարտադիր կոմպոնենտի մասնակիցները պետք է ընտրեն կենսաթոշակային հիմնադրամին և կառավարչին: Գործի դատավարությունը կավարտվի 2014 թվականի մարտիւ 28-ին: ՀՀ կառավարությունը
փոփոխություններ կատարեց օրենքում, որով նմախատեսվում է մինչև սեպտեմբների 30-ը
քաղաքացիների կողմից այդ համակարգին մասնակցելուց հրաժարվելու իրավունքը, այսինքն,
մինչև օրենքը երկրի Սահմանադրության հետ համապատասխանեցնելու նպատակով ՍԴ կողմից կառավարությանը
տրամադրված ժամկետը: