Մաքսային միություն մտնելն անդամ-երկրների համար հեռանկարում ենթադրում է միասնական արժույթի սահմանում, կամ ռուսական ռուբլու հետ կապակցվածություն: Այսօր կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է արտահայտել ընդդիմադիր պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, պարզաբանելով, որ Մաքսային միությունը կգնա դրան, քանի որ չի բավարարվի միայն տնտեսական արդյունքներով, ինչն էլ իր հերթին կտանի ՀՀ Կենտրոնական բանկի ֆունկցիաների աստիճանաբար կորստին:
<Մաքսային միություն մտնելուց հետո հայկական շուկայում շատ ապրանքներ կթանկանան, քանի որ կսկսեն գործել միասնական մաքսային տուրքեր, որոնք հիմնականում ավելի բարձր կլինեն, քան ներկայումս: Օրինակ, ծխախոտը և ալկոհոլային խմիչքները կթանկանան մաքսատուրքերի տարբերության արդյունքում (այժմ Հայաստանում այն կազմում է 7% է, իսկ ՄՄ-ում` 15%), ներմուծվող միսը (Հայաստանում 10% է, իսկ ՄՄ-ում` 60%): Եվ եթե Ամանորյա տոների նախօրյակին մենք 1 կգ խոզի միսը գնում ենք 3500 դրամով, ապա հաջորդ տարվա վերջին 1 կգ խոզի միսը կհասնի 600 դրամի: ՄՄ-ում ավտոմեքենաների մաքսատուրքը կազմում է 15%, իսկ դա նշանակում է, որ ՄՄ-ին միանալով Հայաստան ներկրվող ավտոմեքենաների գները կբարձրանան 20-25%: Մաքսատուրքերի փոփոխությունն անգամ չի էլ քննարկվում, քանի որ դրանում է կայանում ՄՄ-ի էությունը>,-ընդգծլ է Հ.Բագրատյանը:
Բացի այդ, կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը և դրա հետ կապված համապատասխան կենսաթոշակային հիմնադրամների ստեղծումը, նրա կարծիքով, բացառում է նաև այդ միջոցները (մոտ 150 մլն.դոլաի) ՄՄ սահմաններից դուրս բերելու ի սկզբանե նախատեսված հնարավորությունը:
Սեպտեմբերի 3-ին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հանդիպմանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վերահաստատեց Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի մտադրությունը, հետագայում միանալով նաև Եվրասիական տարածքի հետագա ինտեգրմանը, որից հետո երկու երկրների ղեկավարները ստորագրեցին համատեղ հայտարարություն: Իսկ մինչ այդ, սկսած 2010 թվականից, Երևանն ակտիվորեն բանակցում էր ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի և Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրերի շուրջ, որը նախատեսվում էր ավարտել 2013 թվականի նոյեմբերի, Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթնաժողովում:
Նշենք, որ Մաքսային միությունն ստեղծվել Եվրասիական տնտեսական ընկերակցության շրջանակներում, որպես Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի տնտեսական ինտեգրման ձև, որով նախատեսվում է միասնական մաքսային տարածք: Ընդ որում, մաքսային միության անդամ-երկրները կիրառում են միասնական մաքսային սակագներ և երրորդ երկրների հետ առևտրի կարգավորման այլ միասնական միջոցներ: