Արցախ ժամանած Եվրախորհրդարանի փոխնախագահ Յացեկ Պրոտասևիչին չի անհանգստացնում Ադրբեջանի ՙսև ցուցակում՚ հայտնվելու հանգամանքը: Ինչպես հաղորդում են ղարաբաղյան ԶԼՄ-ները, այդ մասին հայտարարել է Պրոտասևիչը մամուլի ասուլիսի ժամանակ:
ՙԵս արդեն 30 տարի է` քաղաքականության մեջ եմ և աշխատել եմ տարբեր վարչակարգերի ժամանակ, երբ ինձ կարող էին նույնիսկ բանտ նստեցնել: Բայց ես ունեմ իմ սկզբունքներն, որոնցով առաջնորդվում եմ, և այդ առումով ինձ ոչինչ չի անհանգստացնում՚,-ասել է Եվրախորհրդարանի փոխնախագահը: Ինչպես հայտնում է Artsakhpress-ը, խոսելով նախագահ Բակո Սահակայի հետ հանդիպման ընթացքում քննարկած հարցերի շրջանակի մասին` Պրոտասեւիչը նշել է, որ հիմնականում քննարկվել է մադրիդյան սկզբունքնեըի վերաբերյալ Արցախի մոտեցումը, մասնավորապես եվրոպական կողմին հետաքրքրում էր, թե ինչ ձևով կարող են այդ սկզբունքները վերջնական խաղաղություն հաստատել տարածաշրջանում: Քննարկվել է նաև, թե ինչպես պիտի Եվրոպան աջակցի բանակցային գործընթացին, որպեսզի գտնվի հիմնախնդրի վերջնական կարգավորման որևէ տարբերակ, որն ընդունելի կլինի ժողովրդի համար: Լրագրողների այն պնդմանը, որ Արցախում ապրող ժողովրդի համար անընդունելի են մադրիդյան սկզբունքները, Պրոտասեւիչը նշել է, որ դրանք, այնուամենայնիվ, հնարավորություն են տալու ժողովրդին իրենց կարծիքը ու կամքն արտահայտելու, ինչն ամենակարևորն է: ՙԹող ժողովուրդը խոսի, արտահայտի իր կարծիքն, որից հետո մենք կանենք համապատասխան հետևություններ՚,-ասել է Եվրախորհրդարանի փոխնախագահը` հավելելով, որ դա են պահանջում ժողովրդավարության սկզբունքներն, որովհետև առկա հիմնախնդիրների վերջնական կարգավորման համար առաջարկվող լուծումները պիտք է առաջին հերթին ընդունի ժողովուրդը: Յացեկ Պրոտասեւիչը նշել է նաև, որ Եվրախորհրդարանի համար շատ կարևոր է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորումը, քանի որ այդ պատճառով, օրինակ եվրոնեստի աշխատանքները չեն կարողանում իրականացնել լիարժեքորեն:
Այն հարցին, թե արդյոք Եվրոպան կարող է ազդել Ադրբեջանի վրա այն դեպքում, երբ ադրբեջանական կողմը պարբերաբար մեծացնում է լարվածությունը առաջնագծում, Եվրախորհրդարանի փոխնախագահը նշել է, որ իրենք հիմնակում ունեն տնտեսական լծակներ, բայց այնուամենայնիվ արևելյան գործընկերության շրջանակներում արվում է հնարավորն, որպեսզի ընդունելի լուծումներ գտնվեն: