Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի 21 պատգամավորներ տարածել են հայտարարություն, որում կազմակերպության անդամ երկրներին կոչ են արել ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը: ԵԽԽՎ կայքում զետեղված փաստաթղթում, մասնավորապես, նշվում է, որ ցեղասպանությունների ճանաչումը քայլ է, որը խթանում է մարդկային արժանապատվության հանդեպ հարգանքն ու մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելումն ապագայում:
ՙՕսմանյան կայսրության կողմից իրագործված Հայոց ցեղասպանությունը հաստատված է մամուլի հրապարակումներով և ականատեսների վկայություններով, համապատասխան օրենքներով, բանաձևերով, ինչպես նաև Միացյալ Ազգերի կազմակերպության, Եվրախորհրդարանի, ԵԽ անդամ պետությունների խորհրդարանների` այդ թվում Շվեդիայի, Լիտվայի, Գերմանիայի, Լեհաստանի, Նիդերլանդների, Սլովակիայի, Շվեյցարիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Հունաստանի, Բելգիայի, Կիպրոսի, Ռուսաստանի Դաշնության, ինչպես նաև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի, ԱՄՆ 43 նահանգների, Չիլիի, Արգենտինայի, Վենեսուելայի, Կանադայի, Ուրուգվայի և Լիբանանի կողմից հրիապարակված հայտարարություններով: ԵԽԽՎ անդամ բոլոր պետություններին կոչ ենք անում անհրաժեշտ քայլեր ձեռնարկել Օսմանյան կայսրությունում հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների նկատմամբ իրագործված ցեղասպանությունը ճանաչելու նպատակով, որը հեռանկարում կհանգեցնի Թուրքիայի իշխանությունների կողմից մարդկության դեմ այդ սարսափելի ոճրագործության ճանաչման և, որպես արդյունք` Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման՚, - նշվում է փաստաթղթում:
Հայտարարության տակ ստորագրել են Գերմանիայի, Սերբիայի, Հունգարիայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Խորվաթիայի, Հունաստանի պատվիրակները: