Յունիբանկը շարունակում է հաջողությամբ իրագործել ընդհանուր վարկային պորտֆելում փոքր և միջին բիզնեսի վարկերի բաժինն ավելացնելու ռազմավարությունը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, 31.07.13թ. դրությամբ Յունիբանկի վարկային պորտֆելը կազմել է ավելի քան 102 մլրդ դրամ, որից 52 մլրդ դրամը բաժին է ընկել բիզնես վարկերին: Փոքր և միջին բիզնեսին տրամադրված վարկերի պորտֆելը գերազանցել է 38 մլրդ դրամը` կազմելով ընդհանուր վարկային պորտֆելի 37%-ը:
Այսօր Յունիբանկի բիզնես վարկատեսակներն ամենապահանջվածներից են շուկայում, քանի որ մշակված են հաճախորդների բիզնեսի առանձնահատկություններն ու սեզոնայնությունը հաշվի առնելով: Իսկ վարկավորման պարզեցված գործընթացը ու մատչելի պայմաններն առավել մեծ հնարավորություններ են ստեղծում բիզնեսի զարգացման համար:
Միկրո բիզնեսին աջակցելու նպատակով Յունիբանկն առաջարկում է “Անգրավ” վարկատեսակը, որի վերաբերյալ որոշումը կայացվում է բանկ դիմելու օրվա ընթացքում: Ինչպես և հուշում է վարկի անվանումը, բանկը չի պահանջում գրավ: Բավարար է հաճախորդի դրական վարկային պատմությունը և երկու երաշխավորի առկայությունը: Վարկը տրամադրվում է ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ` արտարժույթով: Տարեկան տոկոսադրույքը` սկսած 16%-ից:
Փոքր և միջին բիզնեսի կողմից մեծ պահանջարկ է վայելում “Բիզնես-ստանդարտ” վարկը, որը շահավետորեն առնձնանում է մարման երկար ժամկետով` մինչև 10 տարի: Այդ կերպ բանկը ձգտում է մեծացնել վարկային միջոցների հասանելիությունն ու արդյունավետությունը բիզնեսի համար: “Բիզնես-ստանդարտ” վարկը տրամադրվում է անհատ ձեռներեցներին և իրավաբանական անձանց, որոնք չունեն բացասական վարկային պատմություն: Վարկի գումարը կազմում է մինչև 400 մլն դրամ կամ համարժեք արտարժույթ, տարեկան տոկոսադրույքը` սկսած 10%-ից:
Վարկերի վաղաժամկետ մարումը Յունիբանկում թույլատրվում է առանց սահմանափակումների: Բիզնես-վարկի համար կարելի է դիմել Յունիբանկի 45 մասնաճյուղերից ցանկացածին:
ԱրմԻնֆո գործակալության պատրաստած Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի տվյալներով, Յունիբանկի ակտիվները 2013 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 138.1 մլրդ դրամ (7 դիրքը շուկայում), որոնց կառույցում վարկային ներդրումների բաժինը կազմել է մոտ 78%: Բանկի վարկային պորտֆելը տարվա կտրվածքով ավելացել է 15,2%-ով, իսկ միայն առաջին կիսամյակում` 10,2%-ով: Բանկի վարկերի առյուծի բաժինը` ավելի քան 60%-ն, ուղղորդվում է Հայաստանի տնտեսությանը: Յունիբանկը ՓՄԲ վարկավորման ծավալը տարեկան կտրվածքով ավելացրել է 17%-ով, ընդ որում հիմնական աճը տեղի է ունեցել առաջին կիսամյակում: Բանկի զուտ շահույթը 2013 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով կազմել է 1.9 մլն դոլար:
Նշենք, որ որպես Յունիբանկի մեծամասնական բաժնետեր հանդես է գալիս "Ripatonso Holdings Limited" ընկերությունը` կապիտալում 75,44% մասնակցությամբ, իսկ մնացած 24,56% հավասարապես բաշխված Գագիկ Զաքարյանի և Գեորգի Պիսկովի միջև: