Ստոկհոլմի Միջազգային խաղաղության հարցերով հետազոտական ինստիտուտում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթին Ադրբեջանի ԱԳՆ արձագանքը վերստին ցույց է տալիս
փաստարկների լիակատար բացակայությունը: «Թվիթերի» իր միկրոբլոգում այդ մասին գրել
է Հայաստանի ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան
Բալայանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին Էդվարդ Նալբանդյանը, Ստոկհոլմի
Միջազգային խաղաղության հարցերով հետազոտական ինստիտուտում իր
ելույթում անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործըթնացին, նշել էր. «Որքան միջազգային հանրությունը կոչ է անում հակամարտության կողմերին պատրաստել ժողովուրդներին խաղաղության, այլ ոչ թե` պատերազմի, այնքան ավելի շատ է Ադրբեջանի ղեկավարության կողմից հնչում ռազմատենչ, պատերազմ հրահրող հռետորաբանություն, հայատյացության քարոզ, առավել ուժեղանում են հետապնդումները` փոխվստահության ամրապնդման և հաշտեցման կողմնակից ադրբեջանական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների դեմ։ Որքան կողմերին կոչ է արվում դուրս բերել դիպուկահարներին շփման գծից և ստեղծել միջադեպերի ու հրադադարի ռեժիմի խախտումների քննության մեխանիզմ, այնքան ավելի շատ դիպուկահարների կրակոցներ, սադրիչ միջադեպեր, դիվերսիոն գործողություններ են հետևում ադրբեջանական կողմից` հանգեցնելով բազմաթիվ կորուստների»:
Ադրբեջանի արձագանքին սպասելու հարկ չեղավ: Նախօրեին այդ երկրի արտաքին
քաղաքական գերատեսչության մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտարարել է,
որ «եթե Հայաստանը դադարեցնի ադրբեջանական տարածքների օկուպացումը, ապա ռազմական միջտադեպեր չեն լինի: Հայաստանի
վարչախումը, որն իր անհաջող ներքին ու արտաքին քաղաքականության հետևանքով կորցրել
է ազդեցությունը երկրի հասարակայնության վրա և աշխարհում ընկալվում է որպես
անլուրջ և անհուսալի գործընկեր, ի դեմս Նալբանդյանի փորձում է արդարանալ`
օգտագործելով սուտ ու զրպարտանք», - նշել է Հաջիևը: