Ամեն դեպքում Ստեփանակերտի օդակայանը գործելու է: Այդ մասին ՙԱզատություն՚ ռադիոկայանին հարցազրույցում ասել է Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Կարեն Միրզոյանը:
ՙԴա ԼՂՀ իշխանությունների սուվերեն որոշումն է, եւ վաղ թե ուշ այն ի կատար է ածվելու, չնայած Ադրբեջանի իշխանությունների բոլոր սպառնալիքներին եւ այլ քայլերին: ԼՂՀ տարածքում արդեն երկու տասնամյակից ավելի է, ինչ չեն գործում Ադրբեջանի օրենքները: Դա մեր պատասխանն է: Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի սպառնալիքներին եւ մեր մոտեցումներին, ես ասեմ, որ դա միայն մեր մոտեցումը չէ, ես կարող եմ վստահորեն ասել, որ այդ մոտեցումը լիովին կիսում են նաեւ համանախագահները, հարցին փոքրիշատե տեղյակ բոլոր քաղաքական ուժերը: Այսինքն բոլորն էլ հստակորեն ընդգծում են, որ ցանկացած սպառնալիք` խփել քաղաքացիական օդանավ կամ որեւէ նման այլ քայլ անել, անընդունելի է բացարձակապես: Դրա մասին արդեն մենք խոսել ենք նաեւ արտգործնախարարի անունից նամակում, որը հղվեց անցյալ տարի աշնանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին՝ ընգդծելով, որ չվերթը կրում է զուտ մարդասիրական նպատակ եւ չի հետապնդում որեւէ այլ քաղաքական նպատակ: Իսկ այն քաղաքական խաղերը, այն սպառնալիքների շարանը, այն ապատեղեկատվության ալիքը, որն այսօր սկսել է Ադրբեջանը, սոսկ հերթական փորձն է` աղավաղելու բանակցային գործընթացը եւ միջազգային հանրության ուշադրությունը շեղելու Ադրբեջանի կողմից ձեռնարկվող հակաօրինական քայքայիչ քայլերից՚,- ասել է Կարեն Միրզոյանը: