Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, մինչ օրակարգային հարցերին անցնելը, քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է Երևանի ավագանու ընտրությունների կազմակերպմանն ու անցկացմանը և իր խոսքում, մասնավորապես, նշել է. <<Երևանի ավագանու ընտրությունները կայացան մրցակցային ու քաղաքակիրթ պայքարի մթնոլորտում:
Կարողացանք անցկացնել լավ կազմակերպված ընտրություններ: Ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել Երևանի բնակչությանը՝ ընտրությունների կարևորությունը գնահատելու և ընտրություններին մասնակցելու համար: Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր բոլոր ընտրողներին՝ իրենց վստահության քվեն մեզ տալու ու մեզ հավատալու համար: Շնորհակալություն եմ հայտնում նաև մեզ համար չքվեարկած մարդկանց, և վստահեցնում եմ, որ հաջորդ տարիների ընթացքում մեր ծրագրերի ու աշխատանքների արդյունքով կկարողանանք արդարացնել նաև նրանց սպասելիքները:
Շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր քաղաքական մրցակիցներին, ընտրություններին մասնակից բոլոր քաղաքական ուժերին մրցակցություն ապահովելու համար: Ես շնորհակալ եմ մեր թիմակիցներից և համոզված եմ, որ այս թիմով մենք անպայման կկարողանանք լուծել մեր առջև դրված բոլոր խնդիրները և կյանքի կոչել ներկայացված ծրագրերը: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր լրագրողներին, ովքեր աշխատեցին ողջ քարոզարշավի ընթացքում և համակողմանի լուսաբանեցին մեր հանդիպումներն ու ներկայացվող ծրագրերը:
Եվ ամենակարևորը, շնորհակալություն եմ հայտնում իրավապահ մարմիններին, ոստիկաններին, ովքեր կարողացան ապահովել քարոզարշավի և բուն ընտրական պրոցեսի ապահով ու խաղաղ ընթացքը: Համոզված եմ, որ համատեղ ուժերով մենք կարողացանք ամրագրել մեր ձեռքբերումը և կշարունակենք աշխատել ավելի լավ Երևան ունենալու համար>>: