Հայաստանի առաջընթացը ՙԲաց կառավարման համագործակցություն՚ ծրագրի իրագործման գործում նրան կօգնի բարելավել այն ցուցանիշները, որոնք հաշվի է առնում ՙՀազարամյակի մարտահրավերներ՚ կորպորացիան: Այդ մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը հունիսի 14-ին Երևանում` ՙԲաց կառավարման համագործակցություն-Հայաստան՚ առաջին միջազգային համաժողովում:
ՙՀայաստանը ՙՀազարամյակի մարտահրավերներ՚ կորպորացիայի խնամառուն է և, իրագործելով ծրագիրը, կբարելավի իր ցուցանիշները կորպորացիայի ծրագրերի չափանիշներին համապատասխանելու համար՚, - նշել է դեսպանը: Նա նաև նկատել է, որ ՙՀազարամյակի մարտահրավերներ՚ կորպորացիան դիտարկում է շուրջ 13 պարամետրեր, և կարևորագույն չափանիշներից մեկը կոռուպցիայի դեմ պայքարն է: ՙՀայաստանը դեռ չի հասել հակակոռուպցիոն պայքարի շեմին, և ԱՄՆ խրախուսում է առաջընթացն այդ ուղղությամբ՚, - հայտարարել է Հեֆերնը լրագրողներին: Նշենք, որ ՙՀազարամյակի մարտահրավերներ-Հայաստան՚ ծրագրի առաջին հնգամյա փուլի իրագործումը շուրջ 177 մլն դ ոլար ներդրումներով ավարտվել է 2011 թվականի սեպտեմբերի վերջին: Ծրագիրը նպատակաուղղված էր գյուղական աղքատության հաղթահարմանը Հայաստանի համար կարևորագույն ոռոգման ենթակառույցների վերականգնման, ինչպես նաև ֆերմերներին, վերամշակման ճյուղի ներկայացուցիչներին և ոռոգման համակարգերի կառավարման կառույցներին ֆինանսական աջակցություն և խորհրդատվություններ տրամադրելու միջոցով: