Հաշվի առնելով, որ Ուկրաինան կարևոր երկիր է, և առանց նրա Եվրասիական միությունը թղթե վագրի կնմանվի, մենք պետք է ձեռք մեկնենք այդ երկրին: Վիլնյուսում ընդհանուր արտաքին քաղաքականությանն ու անվտանգության քաղաքականությանը նվիրված միջխորհրդարանական խորհրդաժողովում այդպիսի կարծիք է հայտնել Էստոնիայի պատգամավոր Քրիստինա Օյուլանդը:
Էստոնացի պատգամավորը Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշումը որակել է որպես Ռուսաստանի կողմից կոշտ ճնշման արդյունք: Օյուլանդը կարծում է, որ Երևանի նման որոշումից հետո հարկավոր է խոր վերլուծության ենթարկել Հայաստանի հետ հետագա համագործակցությունը արժեքների հիման վրա` հաշվի առնելով Եվրասիական միությունում այլ արժեքների առկայությունը: ՙԸնթանում է խիստ պայքար, որում Ռուսաստանը նաև կոշտ ճնշում է գործադրում մի շարք երկրների նկատմամբ` Արևելյան գործընկերության գագաթնաժողովի նախաշեմին՚, - ընդգծել է պատգամավորը:
Մինչդեռ, ինչպես հաղորդում է ՙԻնտերֆաքս-Ուկրաինան՚, սեպտեմբերի 5-ին Եվրոպական ժողովրդական կուսակցության քաղաքական վեհաժողովն ընդունել է բանաձև, որում Մոսկվային կոչ է արել դադարեցնել շահարկումներն ու շանտաժը ՙԱրևելյան գործընկերության՚ երկրների նկատմամբ` ընդգծելով ԵՄ պատասխանատվությունն իր գործընկերների պաշտպանության համար: Բանաձևում ասվում է, որ ՙԱրևելյան գործընկերության՚ նախագիծը վտանգված է, նկատի ունենալով Ուկրաինայի, Մոլդովայի նկատմամբ ճնշման շարունակ խստացումը և Հայաստանի ազգային շահերին ուղղված սպառնալիքները, ինչը Հայաստանին ստիպեց շրջվել դեպի Մաքսային միություն:
Այդ առնչությամբ ԵԺԿ ՌԴ-ին ՙթախանձագին կոչ է անում դադարեցնել շահարկումներն ու շանտաժը և կիրառել պետությունների միջև ինքնիշխան հավասարության, ներքին գործերին չմիջամտելու և հոժար կամքով համագործակցության սկզբունքը՚: ԵԺԿ նաև դատապարտում է Հայաստանի կառավարության նկատմամբ Ռուսաստանի գործադրած ճնշումն ու ափսոսանք հայտնում Մաքսային միությանը միանալու Հայաստանի նախագահի որոշման առնչությամբ, ինչը ձախողում է Հայաստանի ձեռքբերումները ԵՄ ուղղությամբ՚:
Նույն օրը Հայաստանում Եվրոպական հանձնաժողովը ՀՀ կառավարությանը պաշտոնապես տեղեկացրել է 2009 թվականից հանրապետությունում գործող Twinning ծրագրի կասեցման մասին: Պատճառը Մաքսային միությանն անդամակցելու որոշումն է:
Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսի հավաստմամբ, Եվրամիությունը խորհրդակցություններ է անցկացնում Երևանի հետ, որպեսզի պարզի, թե ինչպիսին են նրա մտադրությունները, եւ ինչ ազդեցություն կարող է ունենալ վերջին որոշումը ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի վրա` ներառյալ ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը: Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշումը քննարկվում է Ռուսաստանի կողմից ճնշման համատեքստում, որը կիրառվում է ոչ միայն Հայաստանի, այլեւ ԵՄ մյուս գործընկերների նկատմամբ: ՙՄենք հավատարիմ ենք մնում Հայաստանի հետ գործընկերությանն Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակում եւ կշարունակենք աջակցել համապարփակ բարեփոխումների գործընթացին Հայաստանում, ինչպես նաեւ այլ գործընկեր երկրներում՚, - հայտարարել է Լիտվայի արտգործնախարարը: