Պետք է արձանագրենք,
որ ի տարբերություն Պաշտպանության բանակի կողմից դրսևորված բարձր մարտական պատրաստվածության, ադրբեջանական զինուժը անընդունակ է իրականացնել ոչ միայն հաղթանակ խոստացող լայնամասշտաբ պատերազմ, այլև հատուկ նշանակության լոկալ գործողություններ: Այդ մասին հայտարարել է ԼՂՀ ՊՆ տեղակալ, Արցախի ազատամարտիկների միության նախագահ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը:
«1994թ. մայիսին հակամարտության գոտում հաստատված հրադադարի ողջ ընթացքում` այսօրվա իրավիճակն` իր լարվածությամբ և դիվերսիոն գործողությունների հաճախականությամբ, իրոք աննախադեպ է: Հուլիսի 28-ից օգոստոսի 5-ն ընկած ժամանակահատվածում առաջնային գծի տարբեր ուղղություններում տեղ գտած զարգացումների տրամաբանությունը հուշում է, որ ադրբեջանական կողմն ընտրել էր "մարտ-հետախուզությամբ" մարտավարությունը, նպատակ ունենալով` մի կողմից ստուգել Արցախի զինված ուժերի ռազմապաշտպանական հնարավորությունները, իսկ մյուս կողմից` փորձել ճշգրտել, թե որքանով է սեփական բանակը պատրաստ հավանական մեծ պատերազմի վերսկսմանը: Մեկ շաբաթ շարունակ հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերը գրեթե ամեն օր փորձել են ներթափանցել մեր պաշտպանության խորքը, սակայն յուրաքանչյուր անգամ հանդիպելով հայ դիրքապահների կազակերպված դիմադրությանը` մարդկային ու տեխնիկական մեծ կորուստներով հետ են շպրտվել իրենց ելման դիրքերը», - հայտարարել է գեներալը:
Մեկնաբանելով
Արցախի ազատամարտիկների միության հարյուրավոր անդամների ներգրավումը Արցախի սահմանների պաշտպանության գործում` Կարապետյանը նշել
է, թե այդ հանգամանքը մեկ անգամ ևս փաստեց, որ հայրենիքի համար ամենադժվարին պահին Արցախյան ազատամարտի մասնակիցն ու այսօրվա բանակի զինվորը եղել ու լինելու են կողք-կողքի: «Հարյուրավոր ազատամարտիկներ` սրտի կանչով միանալով երկրի պաշտպանության սուրբ գործին, իրենց պատրաստակամությունը հայտնեցին առաջնային գծի ամենադժվարին հատվածներում մարտական հերթապահություն իրականացնել այնքան ժամանակ, որքան պահանջում է հարազատ երկրի անվտանգությունն
ու նրա սահմանների անառիկությունը: Սա թերևս ավանդույթի վերածված մի գործընթաց է, որն արդեն ունի տարիների պատմություն և իրականացվում է ոչ թե պարտադրված, այլև գաղափարական հենքի վրա օր-օրի ամրապնդվող և հայրենքը սիրող զինվորի ներքին ցանկությամբ», - ասել է գեներալ Կարապետյանը:
«Եթե ՊԲ-ն ի վիճակի չլիներ կատարել իր առջև դրված մարտական խնդիրը, ապա զորքերի համալրումը կիրականացվեր ոչ թե ինքնաբուխ և կամավորականության սկզբունքով, այլև օրենքով սահմանված կարգով կհայտարարվեր զորակոչ: Մինչդեռ դրա կարիքը չկար ու դեռևս չկա, քանի որ մեր բանակում ծառայող այսօրվա զինվորը լրիվությամբ և անթերի կարողանում է կատարել իր առջև դրված մարտական խնդիրը: Իսկ երեկվա պատերազմի մասնակիցների կամավոր ներգրավումը հայրենիքի պաշտպանության գործին, դա առավելապես բարոյահոգեբանական նշանակության խնդիր է… Ես որպես գործող զինվորական և Արցախի ազատամարտիկների միության նախագահ համոզված եմ, որ հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրավիճակային զարգացումների հեռանկարը մեծապես կախված է մեր զինվորների ճիշտ և անթերի ծառայությունից: Մենք պարտավոր ենք նպատակային գործողություններով հակառակորդին անընդհատ պարտադրել մեր կամքը և նրան թույլ չտալ հասնելու անգամ աննշան հաջողության: Իսկ դրան հասնելու ամենակենսունակ ճանապարհը մեկն է` յուրաքանչյուր հայրենյաց պաշտպան` լինի զինծառայող, թե ազատամարտիկ իր առջև դրված խնդիրը պետք է կատարի խղճով և պարտքի ու պատասխանատվության բարձր գիտակցումով: Հանգամանք, որն այսօր արդեն իրողություն է և այն դրսևորվում է ամեն օր ու ժամ», - ամփոփել է գեներալը: