Հասարակական տրանսպորտի ուղեվարձի բարձրացման դեմ բողոքող անհնազանդության շարժման քաղաքացիական ակտիվիստների ակցիան ևս մեկ արդյունք է տվել:
Ինչպես հաղորդում է ԱրմԻնֆոյի թղթակիցը իրադարձության վայրից, Երևանի քաղաքապետարանից դեպի Կենտրոն համայնքի ոստիկանական բաժանմունք երթի մասնակիցներն այնտեղ պիկետ են կազմակերպել` պահանջելով ազատ արձակել այսօր առավոտյան բերման ենթարկված չորս ակտիվիստներին: Սակայն ոստիկանական բաժանմունքի մոտ ակցիայի պահին բերման է ենթարկվել ևս երկու ակտիվիստ: Այդուհանդերձ, Ոստիկանությունն ստիպված է եղել տեղի տալ ակցիայի մասնակիցների ճնշմանը, և ոստիկանական բաժանմունքի պետ Արթուր Օսիպյանը նրանց հավաստիացրել է, որ առաջիկայում ակտիվիստներն ազատ կարձակվեն` պայմանով, որ դրանից հետո ակցիան կդադարեցվի: Ակցիայի մասնակիցներն իրենց հերթին հայտարարել են, որ եթե Ոստիկանությունն իր խոստումը չկատարի և ազատ չարձակի ակտիվիստներին, իրենք կներխուժեն Ոստիկանական բաժանմունքի շենք:
Այդուհանդերձ, ինչպես ԱրմԻնֆոյին հաղորդել են Ոստիկանությունում, չորս ակտիվիստների նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 316 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նշենք, որ այդ հոդվածը նախատեսում է 1 ամսից մինչև 5 տարի ազատազրկում կամ նվազագույն աշխատավարձի 300-500-ապատիկի չափով տուգանք` ծառայողական պարտականություններ իրականացնելիս իշխանության ներկայացուցչի կամ նրա ազգականի նկատմամբ կյանքի համար վտանգ չներկայացնող բռնության սպառնալիքի կամ կիրառման համար: