Վերջին 10 տարում Մեծ Բրիտանիան և շատ այլ երկրներ քարոզում են
հանքարդյունաբերության թափանցիկ աշխատանքի գաղափարը: Այդ մասին հայտարարել է
Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Լիչը մարտի
25-ին Երևանում հանքարդյունաբերության մարտահրավերներին և հնարավորություններին նվիրված միջազգային կոնֆերանսում իր ելույթում:
«Ազգային ռեսուրսները ողջ հասարակության
սեփականությունն է, և հասարակայնությունն իրավունք ունի տեղեկացված լինել և հարցեր
ուղղել», - ասել է դեսպանը:
Հարկ է նշել, որ կոնֆերանսն ընթացել է
հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների կոշտ ճնշման, սուլոցների և
գոչյունների ներքո, որոնք ամեն կերպ բոյկոտել են կոնֆերանսի անցկացումը: Սակայն
միջոցառմանը հրավիրված դեսպաններին հասարակական կազմակերպությունների վարքագիծն ամենևին
չի շփոթեցրել: ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը հաղորդել է, որ կոնֆերանսի նպատակը
երկխոսության հաստատումն է և ծանոթացումը հանքարդյունաբերության բնագավառի
համաշխահին փորձին: Նա նշել է, որ տեղի բնակիչները նույնպես պետք է օգուտ ստանան
հանքավայրերի շահագործումից: Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը հայտարարել է, որ
նույնիսկ ուրախ է հասարակական կազմակերպությունների ներկայությանը: Նա նշել է, որ
բնապահպանական բաղադրիչը չափազանց կարևոր է այդ ոլորտի ծրագրերի իրացման գործում,
և հարկավոր է դրան մեծ ուշադրություն դարձնել:
Կոնֆերանսի անցկացմանն աջակցել են
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, Միջազգային ֆինանսական կորպորացիան,
ԱՄՆ, Միացյալ Թագավորության, Գերմանիայի և Կանադայի դեսպանությունները: