Ընդդիմության խնդիրը հանրահավաքում ժողովրդի վճռական տրամադրվածությունը ճիշտ օգտագործելն է: ՀԱԿ խորհրդարանական խմբակցության քարտուղարի խոսքով, հոկտեմբերի 24-ին ոչ իշխանական եռյակի`ՙԲարգավաճ Հայաստան՚, ՙԺառանգություն՚, ՀԱԿ, հանրահավաքը խոստանում է լինել հզոր, և քաղաքական ուժերը չպետք է հիասթափեցնեն ժողովրդին, նրանց վրա մեծ պատասխանատվություն է դրված:
ՙՄարդիկ շատ վճռական են տրամադրված, առանց բացառության բոլորը կիսում են իշխանափոխության գաղափարը, կառավարող ռեժիմից շուտափույթ ազատվելու անհրաժեշտությունը՚,- ասել է Մանուկյանն Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ:
Նրա խոսքով, ժողովրդի սպասումները մաքսիմալիստական են, նրանք ինչ-որ բանում նույնիսկ ավելի ագրեսիվ են դարձել: ՙԱնկեղծ ասած`մենք նման սոցիալական, քաղաքական և հասարակական պատվեր չենք սպասել՚,- ասել է Մանուկյանը:
Այն հարցին, թե ինչ կարգախոսներ կհնչեն, և արդյոք իշխանություններին հեռանալու հստակ պահանջ կներկայացվի, Մանուկյանը պատասխանել է, որ հանրահավաքի ինչ-որ սցենարներ արդեն պատրաստ են, բայց շատ բան կախված է միջոցառման ընթացքից, այն բանից, թե ինչ որոշումներ կկայացնեն եռյակի առաջնորդները: ՙՄեկ բան կարող եմ հստակ ասել`սա այն հանրահավաքը չէ, ինչ հոկտեմբերի 10-ին էր: Մեր գործողությունների և պահանջների հստակության առումով էական առաջընթաց կա՚,- ասել է Մանուկյանը: Նա նաև ավելացրել է, որ անհրաժեշտ է հնարավոր ամեն բան անել`սադրանքներից և բախումներից խուսափելու նպատակով: