Ինչպես Հյուսիսային Կորեայի պարագայում, այնպես էլ Ադրբեջանի պատերազմական սադրանքները նույնպես պետք չէ անտեսել, քանի որ նոր պատերազմը Հարավային Կովկասում կարող է ունենալ լիովին աղետալի հետևանքներ: Այս մասին է նշվում 2013 թվականի ապրիլի 16-ին ամերիկյան հեղինակավոր Foreign Policy Journal ամսագրում հրապարակված հոդվածում:
ՙՀաշվի առնելով Ադրբեջանի կողմից սպառազինությունների մրցավազքը և զենքի շարունակական կուտակումը, նոր պատերազմը կարող է ամայացնել ողջ տարածաշրջանը, բոլոր կողմերի համար էլ առաջացնելով ծանրագույն հումանիտար հետևանքներ՚,-ասված է հրապարակման մեջ, որտեղ զուգահեռներ է անցկացվում հյուսիսկորեական երիտասարդ առաջնորդ Կիմ Չեն Ինի և Ադրբեջանի դիկտատոր Իլհամ Ալիևի միջև, որոնց երկուսին էլ իշխանությունը հասել է իրենց հայրերից:
ՙԱնպատասխանատու և անկանխատեսելի հյուսիսկորեական տոտալիտար ռեժիմն օգտագործում է հռետորության շարունակական սաստկացումը` որպես համաշխարհային հանրության դեմ շանտաժի քաղաքական գործիք: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Հարավային Կորեայի և Միացյալ Նահանգների դեմ ռազմական գործողություններ սկսելու վերաբերյալ Փխենյանի սպառնալիքներն անվանել է ՙպրովոկացիոն, վտանգավոր և խելացնոր՚: Իսկ Ասիայի մյուս կողմում, գրում է լրագիրը, Ադրբեջանում, մյուս դիկտատորը, որը նույնպես իշխանությունը ժառանգել է հորից, Իլհամ Ալիևը, մշտապես օգտագործում է ռազմական ռիտորիկան, ինչպես նաև հարևան Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմ սկսելու սպառնալիքները: ՙԱլիևն ու նրա ռեժիմը հայտնի է որպես ամենակոռումպացվածներից մեկն աշխարհում, որը սնվում է նավթից ստացված եկամուտների հաշվին և պահում է իր գումարները օֆշորային գոտիներում՚,-ասվում է հրապարակմն մեջ: