Օրերս Դիլիջանում, հենց ոստիկանության շենքի մոտ հնչել են կրակոցներ, որոնք համառորեն կոծկվում են, քանի որ առնչվում են Թեղուտի գյուղապետի որդիներին: Այդ մասին գրում է ՙՀրապարակ՚ թերթը:
Ինչպես հաղորդում է պարբերականը, Թեղուտի գյուղապետ Անուշավան Թամրազյանի որդիները՝ Արտո եւ Արգո Թամրազյանները, հուլիսի 7-ին որսորդական հրացանով կրակել ու վնասել են ԱԻՆ-ի պաշտոնաթող գեներալ Աշոտ Ղարիբյանին պատկանող գազալցակայանը: ՙՀրապարակը՚ գրում է, որ միջադեպը տեղի է ունեցել Թամրազյանների և Ղարիբյանների ընտանիքների միջև վաղեմի թշնամանքի հետևանքով, որի պատճառը բիզնեսի շահերն են: Աղբյուրի համաձայն, Թամրազյանների ընտանիքը ևս Հաղարծին տանող ճանապարհին ունի գազալցակայան:
Թերթը նաև ընդգծում է, որ այդ միջադեպից անմիջապես հետո իրավապահ մարմինները ձեռնամուխ են եղել զենքի առգրավմանը մարզում: Բենզալցակայանում հնչած կրակոցների փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 185 հոդվածի հատկանիշներով (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը):